«Գորգփռոցի»՝ հայկական գորգերի ֆլեշմոբ
Վաղ առավոտից Երևանի խորհրդանշական պատմամշակութային շենքերի, թանգարանների, բնակելի շենքերի, ինչպես նաև «Որդան Կարմիր» գորգի թանգարանի պատշգամբները ծածկվել են հայկական գորգերով ու կարպետներով:
Հայկական գորգերը պատշգամբներից ցուցադրելու յուրօրինակ ֆլեշմոբը կազմակերպել է Հայկական գորգի ազգային կենտրոնը. «Գորգփռոցի» ֆլեշմոբի մեկնարկը տրվել է հենց այստեղից: Երկու օր հայկական գորգերով պատված Երևանն առավել պայծառ, գունեղ ու խորհրդավոր կդառնա:
«Որդան Կարմիր» հայկական գորգի թանգարանի գիտացուցադրական բաժնի ղեկավար Անի Ոսկանյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենց նպատակն է յուրօրինակ ձևաչափով, ազգային ֆլեշմոբի միջոցով վերականգնել ազգային ավանդույթները, պահպանել հայկական ժառանգությունը, ինչպես նաև հայկական գորգը ճանաչելի դարձնել ամբողջ աշխարհին:
Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը կանգնած է գորգագործության ակունքներում, գորգաստեղծ ժողովուրդներից մեկն է:
«Արդեն երկրորդ տարին անցկացվող ֆլեշմոբը հնարավորություն կտա զբոսաշրջիկներին, երևանցիներին ներկայացնել հայկական գորգարվեստի հարուստ ավանդույթները, իսկ այդ յուրահատուկ գորգերը նրանք հնարավորություն ունեն տեսնել ոչ թե թանգարաններում, այլ Երևանի տարբեր փողոցներում»,- նշեց Անի Ոսկանյանը:
Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս պատշգամբներում տեսնելով գորգերն ու կարպետները, զբոսաշրջիկներն անմիջապես գնում են Հայկական գորգի ազգային կենտրոն, ծանոթանում հայկական գորգերի պատմության հետ. «Սա ուրախալի փաստ է, քանի որ Հայաստանից հեռանալիս նրանք իրենց հետ կտանեն նաև այդ պատկերները՝ Երևանի խորհրդանիշ հանդիսացող շենքերի պատշգամբներում կախված հայկական գորգերը»:
Գիտացուցադրական բաժնի ղեկավարը նշեց նաև, որ տարեցտարի գորգերի ցուցադրման աշխարհագրությունը կընդլայնեն, և հետագայում ֆլեշմոբ կկազմակերպեն մարզերում, սահմանամերձ գյուղերում. «Մեր նպատակն է՝ Հայաստանի բոլոր տների պատշգամբները տեսնել հայկական գորգերով զարդարված»:
Անի Ոսկանյանը հայտնեց, որ ֆլեշմոբը կտևի երկու օր՝ սեպտեմբերի 20-21-ը, սակայն, եթե քաղաքացիները կամ հաստատությունները կցանկանան մի քանի օր էլ ցուցադրել հայկական գորգերը, իրենք միայն կողջունեն:
Ի դեպ, այս տարի բացի պատմամշակութային շենքերից, թանգարաններից, ֆլեշմոբին միացել են նաև ռեստորաններ, սրճարաններ, ժամանցի այլ վայրեր:
Նշենք, որ ֆլեշմոբին միացել են ոչ միայն Երևանի բնակիչները: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Աննա Մազմանյանը գրել է, որ ինքը ևս միացել է ֆլեշմոբին: «Մոսկվայում եմ, բայց միանում եմ»,- գրել է նա:
Անի Ոսկանյանից հետաքրքրվեցին՝ մտավախություն չունե՞ն, որ քաղաքացիները ֆլեշմոբին կմիանան ոչ հայկական գորգերով, նա ասաց, որ իրենք կոչ են արել՝ ցուցադրել միայն հայկական գորգեր. «Վաղ առավոտից շրջել եմ Երևանի փողոցներով, պատշգամբներում ցուցադրված էին միայն հայկական գորգեր: Դա շատ ուրախացրեց ինձ, նաև վստահ էի, որ մեր քաղաքացիները կհետևեն կոչին և կցուցադրեն միայն իրենց գույներով, խորհդանիշներով և ինքնատիպությամբ աչքի ընկնող հայկական գորգեր»:
Նշենք նաև, որ 2017 թ-ին ստեղծվել է Հայկական գորգի ազգային կենտրոնը, որը հանդիսանում է «Որդան Կարմիր» հայկական գործի թանգարանի հիմնադիրը: Շուտով թանգարանը իր դռները կբացի Աբովյան 3 հասցեում՝ պատմամշակութային արժեք ներկայացնող շենքում: