Որովհետև ես բժիշկ եմ. Էրիկ Էսրաիլյան
ԵՊԲՀ կենտրոնական մասնաշենքում հայ և օտարերկրացի ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն այսօր դիմավորել են ամերիկահայ անվանի բժիշկ, ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, դոկտոր Էրիկ Էսրաիլյանին և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) ռեկտոր, կենսաբան, ակադեմիկոս Ջին Բլոքին:
Էրիկ Էսրաիլյանը ընդգծել է, որ տպավորված է ԵՊԲՀ-ի ընդունելությամբ և իր համար, թե´ որպես հայ և թե´ որպես բժիշկ պատիվ է ներկա գտնվել այս համալսարանում: Գործընկերոջ հետ նրանց այցի նպատակն է զարգացնել համագործակցությունը այդ թվում կրթական ոլորտում, ինչպես նաև կիսվել նոր գաղափարներով ու նախաձեռնություններով:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշել է, որ բուհի համար մեծ պատիվ է հյուրընկալել ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի ներկայացուցիչներին, որտեղ ինքն անձամբ նախորդ տարի Էրիկ Էսրաիլյանի աջակցությամբ առիթ է ունեցել լինելու։
«Ինձ երբեմն հարցնում են` ինչպես է ինձ հաջողվել անել այս կամ այն բանը, չէ որ բժիշկ եմ, ինչին ես պատասխանում եմ, որովհետև ես բժիշկ եմ»,- մասնագիտության վերաբերյալ ուսանողների հարցերից մեկին ի պատասխան նշել է մասնագետը:
Խոսելով բժշկի մասնագիտության մասին, նա շեշտեցլ է, որ բժիշկ լինելը առավելություն է, քանի որ այն հնարավորություն է տալիս ոչ թե մտածել միայն որևէ պաշտոն ձեռք բերելու մասին, այլև առաջին հերթին հնարավորություն է ծառայելու մարդկանց:
Հարցին՝ արդյոք կապ ուներ նրա բժիշկ դառնալու հանգամանքն այն փաստի հետ, որ «Խոստումը» ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը ևս բժիշկ էր, նա նշել, որ միշտ է ցանկացել բժիշկ դառնալ: Նրա խոսքով` սա այն մասնագիտությունն է, որն օգնում է մարդկանց, իսկ դա այն էր, ինչը ցանկացել է թե' ինքը, թե' իր` արմատներով պատմական Հայաստանից ընտանիքը:
Իր տպավորություններով կիսվել է նաև ակադեմիկոս Ջին Բլոքը: Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտորի խոսքով՝ իրենց համալսարանում սովորում են բազմաթիվ հայազգի ուսանողներ և իր համար շատ հետաքրքիր է և հաճելի այսօր այցելել իր ուսանողների հայրենիք:
Բուհի վարչական մասնաշենքում կայացած հանդիպումից հետո հյուրերն այցելել են նաև «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում տեղակայված Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Նրանք ծանոթացան կարևոր սոցիալական նշանակության այս կենտրոնի ստեղծման պատմությանը, շփվեցին տղաների հետ: