Հանդիսատեսը Նիկոլայ Մադոյանին առանց «բիս»-երի բաց չի թողել
Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2018-2019 համերգաշրջանի բացման համերգը, որը նվիրված էր ՀՀ անկախության 27-ամյակին, անցել է լեփ-լեցուն դահլիճում: Նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) սեպտեմբերի 19-ին հանդես է եկել Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ: Որպես մենակատար ելույթ է ունեցել միջազգային մրցույթների դափնեկիր, «Գինեսի» ռեկորդակիր ջութակահար Նիկոլայ Մադոյանը:
Լրագրողների հետ զրույցում Կարեն Դուրգարյանն ասել է, որ շատ է սիրում Կամերային նվագախումբը, նախևառաջ, այն պատճառով, որ բազմաթիվ կոլեգաներ ունի կոլեկտիվում. իր համակուրսեցիներն են:
«Նվագախումբն ունի միջազգային բարձր մակարդակ, և ինձ համար մեծ պատիվ է ամեն անգամ նվագախմբի հետ Հայաստանում հանդես գալը, քանի որ տեղի ունկնդիրը շատ յուրօրինակ է, և ամեն մի արտիստ, որը Հայաստանից դուրս է աշխատում ու վերադառնում է Հայաստան, հուզմունքով է ելույթ ունենում այստեղ: Ինձ համար այսօր այդպիսի օր է: Դիրիժորի համար մեծ պատիվ է բացել նվագախմբի համերգաշրջանը»,-նշել է Կարեն Դուրգարյանը:
Դիրիժորը մեծ հաջողություններ է մաղթել նվագախմբին` նշելով, որ կոլեկտիվը շատ հետաքրքիր ծրագրերով է հանդես գալու: Համերգին Դուրգարյանի ղեկավարությմաբ հնչել են Սարյանի «Գառնին», Հարությունյանի «Սինֆոնիետան», Ալթունյանի «Քոչարին» ու «Բերդ պարը»:
Համերգային երեկոյին «Գինեսի» ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը կատարել էՎիվալդիի «Տարվա եղանակները»: Ջութակահարն ընդգծել է, որ այս բացառիկ ստեղծագործությունը ներկայացնում է մարդու կյանքի ամբողջական շրջափուլը:
Նվագախմբի ելույթներն արժանացել են բուռն ծափահարությունների: Հանդիսատեսը Նիկոլայ Մադոյանին առանց «բիս»-երի բաց չի թողել:
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Կամերային նվագախմբի հաջորդ համերգը կայանալու է հոկտեմբերի 4-ին: Այն նվիրված է Ֆրանկոֆոնիային: Նվագախմբի հետ որպես դիրիժոր հանդես կգա Ռոբերտ Մլքեյանը: Ելույթ կունենա նաև Հայաստանի պետական կամերային երգչախումբը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի պետական կամերային նվագախումբի առաջիկա համերգի տոմսերը գրեթե սպառված են
- Ուրախ եմ կրկին ելույթ ունենալ պրոֆեսիոնալ կոլեկտիվի հետ. Նիկոլայ Մադոյան
- Գինեսի ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան