Տուն ենք կորցրել, գյուղն ենք կորցրել, մեզ գցել են քուչեն ու տեր չեն կանգնում. Արծվաշենցիները կառավարության դիմաց են
Կառավարության շենքի առաջ այսօր բողոքի ակցիա էին անում արծվաշենցիները: 1992 թ. օգոստոսի 8-ին հայրենի գյուղից բռնագաղթած արծվաշենցիների մեծ մասն ունեն բնակարանային խնդիրներ: Բռնագաղթումից հետո նրանց մեծը մասը տեղավորվել են Ճամբարակում նախկինում բնակվող մալականների փայտյա տներում և ադրբեջանցիների տներում:
Բողոքի ակցիա անող արծվաշենցիները նշեցին, որ իրենք համարվում են ներքին տեղահանված և ի տարբերություն Սումգայիթի, Բաքվի հայությանը չունեն փախստականի կարգավիճակ:
«Միչև հիմա մենք ոչ մի կարգավիճակ չունենք, բնակարանի խնդիր ունենք: Տուն ենք կորցրել, ամեն ինչ կորցրել ենք, բայց մինչև հիմա ոչ մի փոխհատուցում չենք ստացել»,- ասաց արծվաշենցիներից մեկը:
Մի տղամարդ էլ հուզված ավելացրեց, թե ինչո՞ւ չեն ասում, որ իրենց ոչ մի կառավարություն տեր չի կանգնել. «Նախկին կառավարությունը՝ 1992 թվականին, Արծվաշենը կամավոր հանձնեց Ադրբեջանին ու մեզ բռնի հանեցին գյուղից: Մենք տուն ենք կորցրել, մեր գյուղն ենք կորցրել, հիմա մեզ գցել են քուչեն ու տեր չեն կանգնում»:
Արծվաշենցիները նշեցին, որ մեծ հույսեր են կապում ներկայիս կառավարության հետ: «Մենք լիահույս ենք, որ մեզ այս կառավարությունը կաջակցի: Սահմանապահ ժողովուրդ ենք, էդքան կարելի՞ է մեզ արհամարհել: Որպես շարքային արծվաշենցիներ խնդրում ենք, որ ժողովրդի պահանջները լսեն, իսկ պահանջները տեղին են: Մենք քաղաքակիրթ ձևով ասում ենք, որ մեզ լսեն: Վարչապետից մեծ ակնկալիքներ ունենք, եթե ինքն էլ բան չանի, ժողովուրդն անկառավարելի կդառնա»,- ասացին արծվաշենցիները:
Արծվաշենցիների հետ հանդիպեց Պետական վերահսկողական ծառայության նամակների, դիմումների և քաղաքացիների ընդունելության վարչության պետ Հարություն Գևորգյանը: Բողոքները լսելուց հետո նա առաջարկեց, որ արծվաշենցիներն իրենց ձեռքի տակ եղած բոլոր փաստաղթերը ներկայացնեն Պետական վերահսկողական ծառայություն. «Դրանք ուսումնասիրելուց հետո կփորձենք հասկանալ, թե ինչով կարող ենք օգնել այս քաղաքացիներին»:
Արծվաշենը հայկական անկլավ էր` շրջապատված մի քանի տասնյակ հազար ադրբեջանցիներով: 1992 թվականի օգոստոսի 8-ից օկուպացված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից և մինչ այսօր օկուպացված է: