Արտակ Զեյնալյանը ներկայացրել է հաջողության բանաձևը
ՀՀ արդարադատության նախարար, քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանն անկախության 27-րդ տարեդարձի առթիվ իր շնորհավորական խոսքում նշել է, թե որ դեպքում Հայաստանը կդառնա ամենաժողովրդավարը, ամենաիրավականը, ամենազարգացածը, ամենաապահովն ու ամենախաղաղը:
«1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին և նոր էջ բացեց Հայաստանի լուսավոր պատմության համար՝ անշրջելի իրողություն դարձնելով մեր ժողովրդի դարավոր երազանքը:
Այդ իրողությանը նոր գույն, նոր ուժ և նոր կյանք հաղորդեցիք Դուք՝ ամիսներ առաջ տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությամբ: Դրա արդյունքում կուտակված դրական էներգիան, լուսավոր ապագային ուղղված ձգտումները պետք է կապիտալի վերածենք և ծառայեցնենք մեր երկրի զարգացմանն ու խաղաղության ապահովմանը:
Մեր երկիրը բոլորիս ջանքերի ու նվիրվածության շնորհիվ պետք է դառնա ամենաժողովրդավարը, ամենաիրավականը, ամենազարգացածը, ամենաապահովն ու ամենախաղաղը: Սա հնարավոր է միայն ու միայն բոլորիս՝ իմ և Ձեր քրտնաջան աշխատանքի, ավելիին ձգտելու անկոտրում կամքի և միասնականության շնորհիվ: Աշխատանք, կամք, միասնականություն - սա է մեր հաջողության բանաձևը, որից չօգտվելու և որի միջոցով հաջողության չհասնելու իրավունք որևէ մեկս չունի:
Կրկին շնորհավորում եմ Անկախության տոնի առթիվ և բոլորիս ընտանիքներին մաղթում սեր, լույս ու խաղաղություն»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի Հանրապետությունը 27 տարեկան է
- Google-ը տոնում է անկախության տոնը՝ Հայաստանին նվիրված դուդլով
- Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առթիվ