Հայաստանի Հանրապետությունը 27 տարեկան է
Աշխարհով մեկ սփռված հայ ժողովուրդն այսօր տոնում է Հայաստանի Հանրապետության 27-ամյակը:
1991 թվականի սեպտեմբերի 21-ի Հայաստանի տարածքում անցկացվեց հանրաքվե՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Խորհրդարանի որոշմամբ, Հայաստանում հանրաքվեն անցկացվել է Հայաստանի անկախության մասին հռչակագրի դրույթներից ելնելով:
ՀՀ Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին. «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը
ՀՌՉԱԿՈՒՄ է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը»:
Բնակչության ճնշող մեծամասնությունը «այո» ասաց անկախությանը։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին Հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։
«Մենք անկախություն ստեղծեցինք 1918թ., երբ Լենին-Աթաթուրք բռնակալները Հայաստանի անկախությունը բռնությամբ տապալեցին: Ուրեմն, խոսքը ոչ թե անկախություն ստեղծելու մասին է, այլ մեզնից խլած անկախությունը վերականգնելու:
Հայաստանի անկախությունը ես տեսնում եմ նաև Արցախի՝ Ադրբեջանի բռնակալությունից ազատագրվելու մեջ: Ղարաբաղը պետականորեն-օրինականորեն չի տրված Ադրբեջանին, դա բոլշևիկյան կուսակցության բռնադատությունն էր Կովբյուրոյի միջոցով, 1921 թ. հուլիսի 5-ին: Մեր անկախությամբ մենք կփրկենք և մեր ժողովրդին, և հարազատ Ղարաբաղը»,- ասել է գրող Սերո Խանզադյանը։
Այսօր Հայաստանում, ինչպես նաև սփյուռքում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ՝ նվիրված Հայաստանի անկախության 27-ամյակին։ Օրվա ընթացքում Հայաստանի մարզերում և քաղաքամայր Երևանում կիրականացվեն մեծամասշտաբ թատերահամերգային միջոցառումներ:
Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ Հանրապետության հրապարակում, ինչպես նաև հրապարակի հարակից փողոցներում տեղադրված բեմահարթակներում, ելույթ կունենան հանրապետության ճանաչված ստեղծագործական խմբերն ու անհատ կատարողները: