100-ամյա պետականություն ունեցող Հայաստանը և 27–ամյա անկախ Հայաստանը
Հայաստանը հազարամյակների պատմություն ունի։ Ճիշտ է, տարբեր ժամանակաշրջաններում, նույնիսկ դարերով, պետականություն չենք ունեցել, բայց Հայաստանը համարվում է աշխարհի հնագույն երկրներից մեկը։ Ավելի քան 500 տարի անկախություն չունենալուց հետո հայ ժողովուրդը 1918 թվականին ձեռք բերեց այդքան բաղձալի անկախությունը, որ տևեց ընդամենը 2,5 տարի։ Այնուհետև Հայաստանը 70 տարի եղել է Խորհրդային միության կազմում, իսկ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին կրկին հռչակվել է անկախ պետություն։
Այսօր մենք նշում ենք Հայաստանի երրորդ Հանրապետության 27-ամյակը։ Երեկ նշում էինք Հայաստանի խորհրդարանի 100-ամյակը։ Panorama.am-ը հետաքրքրվեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկազ Հովհաննիսյանից, ինչպե՞ս կարելի է բացատրել այդ տարբերությունը, ինչո՞ւ ենք մեզ «երիտասարդացնում»։
Նա նախ նշեց, որ այսօր պետք է նշել Հայաստանի անկախության 100-ամյակը։
«Որոշ պատմաբաններ, գործիչներ Խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանը չեն համարում պետականության ժամանակաշրջան։ Բայց այնպիսի գործընթացներ, որոնք տեղի են ունեցել Խորհրդային շրջանում՝ տնտեսության զարգացում, գիտության, մշակույթի աննախադեպ զարգացում, դրան գումարած նշանավոր քաղաքական գործիչներ, ինչպեսք են Աղասի Խանջյանը, Յակով Զարուբյանը, Կարեն Դեմիրճյանը, հանել դրանք ու նրանց պատմության շառավղից, սխալ է։ Ասում ենք՝ երրորդ հանրապետությունն է, առաջինը 1918-20 թվականներին էր, երկրորդը՝ Խորհրդային Հայաստանը։ Եթե սա համարում ենք երրորդ, ինչո՞ւ ենք ստվերում երկորդը, հանում 70 տարին։ Սխալ է։ Չէ որ այդտեղ իմ ծնողներն են ապրել, ես եմ ապրում։ Ծայրահեղ մոտացում է, որը ես չեմ ընդունում»,- ասաց պատմաբանը։
Նա նշեց, որ պետականությունն իր մեջ ներառում է նաև բանակը, հիշեցրեց հայ 60 գեներալներին, մարշալներին, ծովակալին, ովքեր մասնակցել են համաշխարհային պատերազմին։
«Չի կարելի անտեսել 70 տարին։ Հանիրավի դուրս է մնացել երկրորդ հանրապետությունը։ Մեր պետականությունը 100 տարեկան է»,- կրկնեց նա։
Պատմաբանի խոսքով, 1991 թվականին Հայաստանում տեղի ունեցած գործընթացը տեղի է ունեցել նախկին խորհրդային բոլոր հանրապետություններում. «Եթե միայն մենք անկախացած լինեինք, մյուսները մնային, այո, կարող էինք ասել մենք անկախացել ենք։ Բոլորն էլ անկախացել են։ Մենք մի տեսակ սնապարտ ենք, համարում ենք, որ հարուստ պետականությունների պատմություն ունենք, կարելի է այդ հատվածը հանել։ Այդպես չէ, ամեն ժողովուրդ պետք է իր պատմությանը տեր կանգնի, ամբողջ 70 տարին չի կարելի հանել»։
Պատմական գիտությունների դոկտորի խոսքով, շատերն իրենց չեղած պատմությունը, օրինակ հարևան Ադրբեջանը, որի պետականությունը սկսվել է 1918 թվականից, իր գրքերում նույնիսկ գրում է, որ 200-300 տարվա պատմություն ունի, իսկ Հայաստանն ունենալով այդքան պատմություն՝ հրաժարվում է այդ պատմությունից։
«Մենք նշում ենք մեր պետականության 100-ամյակը։ Իսկ այս 27-ամյակը... նույնիսկ չգիտեմ, այդ բառը չեմ գտնում։ Գուցե վերանկախություն»,- ասաց Հայկազ Հովհաննիսյանը։
Ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում ասել էր, որ հայոց պետականության ունի հազարամյակների պատմություն և այդ իմաստով շղթան շարունավել է, հասել նորագույն շրջանում վերանկախացման շրջանի:
«Ամենակարևորը՝ անկախությունը մենք նորագույն ժամանակներում վերականգնել ենք 1918 թվականի մայիսի 28-ին և այդ անկախության խորհուրդը փոխանցվել է նույնիսկ Խորհրդային Հայաստանին, երկրորդ հանրապետությանը, երրորդ հանրապետությունը հանդիսացել է առաջինի, երկրորդի օրգանական շարունակությունը»,- ասել էր նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան