Եթե քաղաքապետ ընտրվի Հայկ Մարությանը, կշնորհավորեմ Նիկոլ Փաշինյանին․ Նաիրա Զոհրաբյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն իր շնորհակալությունն է հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին իրեն զորակցելու համար:
Միևնույն ժամանակ, ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը, ինքը հորդորում է Նիկոլ Փաշինյանին միանալ իրեն և միասին պայքարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, «Իմ քայլը» դաշինքի այն անդամների դեմ, որոնք քարոզարշավի օրերին սոցիալական ցանցերը ողողել էին ոչ միայն իր, այլև «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանի, պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Արամ Սարգսյանի հասցեին անպարկեշտ վիրավորանքներով:
Նրա խոսքով՝ վիրավորանքներ հնչեցրած օգտատերերը իրական մարդիկ են, վարչապետի կուսակիցներն են։
«Ուստի դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ որպես նախկին գործընկեր, հորդորում եմ միանալ ինձ և պայքարել իր այդ կուսակիցների դեմ: Զորակցությունը հայտնել է վարչապետը, բայց դա չի նշանակում, որ ես իրավական հարթությունում չեմ զբաղվելու այդ հարցով»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ Մարդու իրավունքների պաշտպանն այդ բոլոր իրական օգտատերերի գրառումներն արդեն ուղարկել է դատախազություն։
«Ես ինքս միջազգային հարթակներում արդեն սկսել եմ իրավական գործընթաց»,- ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը նաև ասաց՝ եթե ընտրություններն անցկացվեն ազատ և արդար, և դրա արդյունքներն իրենց համար ընդունելի լինեն, և եթե դրանց արդյունքում քաղաքապետ ընտրվի «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանը, ապա կշնորհավորի Նիկոլ Փաշինյանին՝ Երևանի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել էր՝ տեղյակ է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածուն մտահոգություններ է արտահայտել համացանցում իր հասցեին հնչած արտահայտությունների և վիրավորանքների կապակցությամբ:
«Ես ուզում եմ լիարժեք զորակցություն հայտնել նրան և ասել, որ իսկապես անթույլատրելի է, որ ընդհանրապես ՀՀ որևէ քաղաքացի որևէ քաղաքացու հետ հարաբերվի վիրավորանքներով: Իհարկե, լինում է, որ նյարդերը տեղի են տալիս, դա էլ երբեմն կարելի է հասկանալ, բայց, ընդհանուր առմամբ, պետք է ամեն ինչ անենք փոխադարձ հարգանքի մթնոլորտը պահպանելու համար: Այս պահին ուզում եմ զորակցությունս հայտնել Նաիրա Զոհրաբյանին»,- նշել էր վարչապետը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան