«Տմբլաչի Խեչանը»՝ արցախյան բարբառով
Ստեփանակերտի Փափազյանի անվան պետական դրամատիկական և Գյումրու Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնների համագործակցությամբ բեմադրվելու է «Տմբլաչի Խեչանը» ներկայացումը։
Արցախի մշակույթի, երիտասարադության հարցերի և զբոսաշրջության նախարար
Լեռնիկ Հովհաննիսյանի և Գյումրու պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանի առանձնազրույցի ընթացքում հաստատվել է նոր թատերական նախագիծը և քննարկվել իրականացման մանրամասներ:
ԱՀ ՄԵՀԶ-ից ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ներկայացման ստեղծագործական աշխատանքները սկսված են: Տիգրան Վիրաբյանը ներկայացրել է աշխատանքների ընթացքը և արդեն ընտրված ստեղծագործական թիմին: Գլխավոր դերակատարը Համազգային թատրոնի դերասան Արման Նավասարդյանն է, ներկայցման երաժշտությունը վստահվել է հայտնի «Գաթա» բենդին, նկարչական ձևավորումն անելու է Գարեգին Եվանգուլյանը, բեմադրելու է Ստեփանակերտի Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուզան Խաչատրյանը:
«Այս նախագիծը Արցախի մայր թատրոնի համար շատ կարևոր է և հրաշալի նվեր կլինի թատերասեր հասարակությանը: Նախարարությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել ներկայացման բեմադրությանը»,- ասել է նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:
Տիգրան Վիրաբյանը նշել է, որ ներկայացումն ունի կարևոր առանձնահատկություն՝ բեմադրվելու է արցախյան բարբառով:
Նախագիծը նախապես քննարկել ու հաստատել էին ԱՀ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն ու ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը՝ վերջինիս Արցախ կատարած աշխատանքային այցի ընթացքում: Թատերական այս նախագծի իրականացմանն աջակցում են ՀՀ և ԱՀ մշակույթի գերատեսչությունները:
«Տմբլաչի Խեչանը» ներկայացման ստեղծագործական ու բեմադրման աշխատանքների ընթացքը հաջորդիվ քննարկվելու է հոկտեմբերին, արդեն ՀՀ մշակույթի նախարարությունում:
Նախատեսվում է ներկայացումը հանդիսատեսի դատին հանձնել 2019 թվականի մարտ ամսին: