Մենք պարտավոր ենք ուժեղ լինել. Անկախությանը օրը՝ սահմանամերձ գյուղերում
Անկախության 27-րդ տարեդարձի առիթով ինչպես հանրապետության շատ քաղաքներում ու համայնքներում, այնպես էլ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում ևս փորձել են տոնական միջոցառումներ անցկացնել:
Հայաստան-Ադրբեջան շփման գծից 1 կմ հեռավորության վրա գտնվող Բաղանիսում անկախության օրվան նվիրված միջոցառումն անցկացրել են գյուղի դպրոցում:
Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը առանձնակի հպարտությամբ է խոսում անկախությունից, և ընդգծում, որ դարերով ունեցած երազանքը հենց այս սերնդին է հաջողվել ձեռք բերել: «Անկախության գաղափարը ամուր նստած է մեր գիտակցության, սահմանամերձ գյուղի երեխաների մեջ: Վերջերս մի հաղորդում էի նայում, որտեղ մի երեխա խոսում էր սահմանամերձ գյուղի մասին, ասում էր՝ մենք իրավունք չունենք սահմանին ամուր կանգնած չլինենք: Այսինքն՝ անկախության գաղափարը փոխանցվել է նաև նոր սերունդին»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նարեկ Սահակյանը:
Այսօր Բաղանիսում իրավիճակը հանգիստ է, թեև օրեր առաջ հակառակորդը կրակոցներ է արձակել գյուղի ուղղությամբ:
Նարեկ Սահակյանի խոսքով՝ բաղանիսցիները սովորել են կրակոցների ձայներին, կրակոցների տակ էլ շարունակում են գյուղը շենացնել: «Կրակոցների ժամանակ ավելի շատ երեխաների համար ենք անհանգստանում, գյուղում կան հակառակորդի նշանառության տակ գտնվող տներ, բայց մարդիկ չեն լքում, շարունակում են ապրել, երեխաներին մեծացնել: Սահմանամերձ գյուղից մեկ ընտանիքի դուրս գալը հավասարազոր է ոչ սահմանամերձ գյուղի 10 ընտանիքի դուրս գալու հետ: Եթե մեկ տան լույսը մարի, սահման պահող զինվորի մեջքը կթուլանա: Ադրբեջանի թիվ մեկ զսպաշապիկը հայոց բանակն է, մեր զինվորն է, այսինքն՝ մենք էսքան դիմացել ենք, էլի կդիմանանք, մեր գյուղը, մեր տունը չենք թողնի, զինվորիը թիկունքը պիտի ամուր կպահենք»,- նշեց Բաղանիսի գյուղապետը:
Չինարիում որոշել էին՝ անկախության օրը գյուղում մեծ շուքով նշել, բայց հաշվի առնելով վերջին օրերին սահմանում տիրող իրավիճակը, միջոցառում չեն անցկացրել:
«Ինչպես ամեն տարի, այս տարի ևս առավոտյան այցելել ենք զոհվածների շիրիմներին, ծաղիկներ դրել, բայց հատուկ միջոցառում չենք արել: Ամեն ինչ տեսանելի է հակառակորդի կողմից, վտանգավոր է շատ մարդ հավաքել, բոլոր դեպքերում պետք է այդ ամենը հաշվի առենք: Թեև հիմա կրակոցներ չկան, բայց ներքին անհանգստություն կա, անվտանգությունից ելնելով էլ խուսափել ենք մեծ միջոցառում կազմակերպել»,- ասաց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը:
Միաժամանակ գյուղապետն ասաց՝ ուզեն, թե չուզեն պարտավոր են ուժեղ լինել. «Իմ ցանկությունը մեկն է՝ մեր երկրում խաղաղություն լինի, կարողանանք երկիրը զարգացնել ու շենացնել: Այս անկախությունը դժվար ենք ձեռք բերել , պետք է կարողանանք այն պահպանել»:
Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Լևոն Առաքելյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ գյուղում տոնական տրամադրություն է, մարդիկ միմյանց շնորհավորում են ու ամենակարևորը՝ խաղաղություն մաղթում: Տոնական օրը սկսվել է դպրոցում՝ անկախության օրվան նվիրված միջոցառումով:
Նրա խոսքով՝ պատերազմ տեսած գյուղի համար այս տոնն առանձնահատուկ նշանակություն ունի: «Մենք լավ գիտենք խաղաղության գինը: Սահմանի ժողովուրդը միանշանակ գիտակցում է ունեցածը, դրա համար իմ մաղթանքը մեկն է՝ երկրում խաղաղություն լինի, երեխաները խաղաղ ու երջանիկ ապրեն: Մնացածը կլինի, կարևորը՝ խաղաղությունն է»,- ասաց Լևոն Առաքելյանը:
Հարակից հրապարակումներ`
- Բաղանիսի երեխաները միայն խաղաղության մասին են երազում ու ապրում խաղաղության երազանքով
- «Հեշտ չի ապրելը, բայց արդեն սովոր ենք». Կրակոցների տակ ապրող բաղանիսցի Էրժիկ տատ
- Մեզ համար կրակոցը նշանակություն չունի, միայն թե աշխատանք լինի. Վազաշենի գյուղապետ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան