Արամ Մանուկյան. Պատկերացնում էի, որ երեք տասնամյակ հետո ավելի լավ պետություն ենք ունենալու
ՀՀ անկախության հռչակագիրն ընթերցած Արամ Մանուկյանը խոստովանում է՝ այն ժամանակ պատկերացնում էր, որ երեք տասնյամյակ հետ ավելի լավ պետություն ենք ունենալու, քան հիմա կա։
«Ավելի լավն էի պատկերացնում, քան հիմա է, անշուշտ։ Մենք ունեցանք կորուստների տարի, երբ քաղաքացին չէր որոշողը, սոցիալական ծանրությունից, ժողովրդի խեղճությունից օգտվեցին, իշխանություն ու պառլամենտ մտան ոչ ազնիվ մարդիկ, քաղաքացու ողնաշարը մի քիչ ծռվեց»,-Panorama.am-ի հետ զրույցում պատճառները մատնանշում է Արամ Մանուկյանը։
Տոն օրերին նա չի սիրում խոսել բացթողումների մասին, նախընտրում է բարձրաձայնել ձեռքբերումները, դրականը, որը լավատեսություն ու հույս է տալիս ժողովրդին։
«Մենք ստեղծել ենք անկախ պետականություն, որը եղել է բոլոր 2 մլն քվեարկողների շնորհքը, բայց դա նաև մեր նախնիների, զոհված ազատամարտիկների, բանտերում չարչարաված, կյանքն ու առողջությունը կորցրած մարդկանց երազանքն է եղել։ Սա արժեք է, որը միայն մերը չէ։ Մեր սերունդը բախտավոր եղավ, կարողացավ այն իրականացնել, քվեարկել օրենքով, ադաթով, ուրախությամբ։ Մենք դարերի ու մեր նախնիների երազն ենք իրականացրել»,-դրականը թվարկում է Մանուկյանը։
Երբեմն լավ բան ստեղծելն ավելի հեշտ է, քան պահպանելը։ Քաղաքական գործիչն այս առումով նկատում է՝ ստեղծելը ոգևորությամբ ու պատասխանատվությամբ է եղել, իսկ պահպանելը չարչարանք, նվիրվածություն է պահանջում, ու այդ ընթացքում լինում են հիասթափվողներ, փոշմանողներ։ Նա համոզված է անկախ լինելու համար պետք է լինել ազնիվ և գիտակից, համարում է՝ երիտասարդ սերունդը գիտակից է, իսկ անկախությունը հուսալի ձեռքերում է։
«Ես կարող եմ լավատեսորեն ասել, որքան էլ պահպանումը դժվար է, տառապանքով ու չարչարանքով լի, մեր ժողովրդի մեծամասնությունը հավատարիմ է այս արժեքին։ Եվ ես ուրախ եմ, որ այս գարնանն այդ հավատարմությունն ապացուցեցին, ուրախալի է, որ ապացուցեց երիտասարդությունը, դա ինձ համար հուսադրող է, հավատ է ներշնչում, որ եկող սերունդն էլ այդ արժեքները կրում է իր մեջ, դուրս է գալիս պայքարի իր իրավունքների, իր երկրի համար, հումանիզմով է լցվում, սիրով ու բարությամբ, ստեղծագործ աշխատանքով է լցվում։ Լավատեսություն կա, որ եկող սերունդը կպահպանի մեր անկախությունը, կզարգացնի։ Մենք մի անգամ 2.5 տարի կարողացանք պահպանել անկախությունը, հիմա կարծում եմ, այդ վտանգը չկա, հիմա անշրջելի է անկախությունը»,-ասում է քաղաքական գործիչը։