Թրամփն ընդամենը հույս է հայտնել, որ Արցախյան հարցում ամեն ինչ լավ կլինի. քաղաքագետ
ՀՀ անկախության տոնի առթիվ շնորհավորական իր ուղերձում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հույս էր հայտնել, որ առաջիկա ամիսներին հնարավորություններ են բացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար:
Միացյալ նահանգների ղեկավարը նաև նշել էր, որ հիմնախնդրի կարգավորումը կարող է նոր հնարավորություններ բացել հայ-ամերիկյան գործակցության համար:
Panorama.am-ի թղթակիցը թեմայի շուրջ զրուցեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ՝ պարզելու, թե որքանով իրատեսական են Դոնալդ Թրամփի մատնանշած հնարավորությունները։
Մեր զրուցակիցը նախ նկատեց՝ ամերիկյան կողմն առաջին անգամ չէ, որ նման հայտարարություն է հնչեցնում։
«Մի քանի ամիս առաջ կրկին նույնաբովանդակ, նույն ձևակերպումները պարունակող հայտարարություն է եղել։ Բայց, ինչպես տեսանք, այս ամիսների ընթացքում իրավիճակն ավելի լարվեց, և այսօր, իսկապես, սահմանին լարված իրավիճակ ունենք։ Սա ընդամենը ցանկություն է ԱՄՆ-ի կողմից, ընդ որում, ԱՄՆ նախագահը հայտարարության մեջ չի նշում, որ Միացյալ նահանգները ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահող երկիր է։
Կարծում եմ, որ եթե ամերիկյան կողմն իսկապես լավատեսության հիմքեր ունենար, ուղերձներ կտար՝ կոնկրետ ինչի մասին է խոսքը։ Այնինչ, շնորհավորկան ուղերձում Թրամփն ընդամենը հույս է հայտնել, որ ամեն ինչ լավ կլինի։ Ավելին, ԱՄՆ-ը այս հայտարարության մեջ ներկայանում է ոչ թե որպես ՄԽ համանախագահող երկիր, այլ ընդամենը որպես ՄԽ անդամ երկիր»,- հանգամանքի վրա ուշադրություն հրավիրեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Քաղաքագետի խոսքով, մյուս կողմից տպավորություն է, որ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը Թրամփը պայմանավորում է Արցախյան հիմնախնդրի կարգավորմամբ։
Սա, մեր զրուցակցի համոզմամբ, խիստ մտահոգիչ է, քանի որ չի կարելի ԱՄՆ-ի նման երկրի հետ Հայաստանի հարաբերությունները պայամնավորվծ լինեն խնդրահարույց մեկ այլ հարցով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան