Նոր Հայաստանը պետք է լինի հաղթանակների Հայաստան. ՀՀ նախագահ
Հանրապետության նախագահ Արմեն Աարգսյանի շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության տոնի առթիվ։
«Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
1991 թվականի այս օրը մենք հրապարակավ ձևակերպեցինք ձայնի մեր իրավունքը: Այսօր որպես անկախ պետություն, մենք վստահորեն խոսում ենք Իրավունքի ձայնով:
Մենք ապացուցեցինք, որ երազանքը կարող է իրականություն դառնալ: Այսօր ունենք նոր ձգտումներ, որոնք ծնվում են ամեն օր, յուրաքանչյուրիս մեջ: Պետք է մեզ պատրաստ և ունակ զգանք դրանք իրականություն դարձնել Նոր Հայաստանում: Այսօրվա Հայաստանի առաջին ընկալումը պետք լինի այն, որ այն մի նոր միջավայր է, որը պետք է ձևավորվի յուրաքանչյուրիս կողմից։ Մեզ պարտավորեցնում են այն մարդկանց հիշատակները, ովքեր իրենց զոհաբերեցին հանուն անկախության, ովքեր մոտեցրին այն, բայց չհասցրին տեսնել: Մենք պարտք ունենք նրանց առաջ:
Մեր պատմության դասերից մեկն այն է, որ մենք հաղթանակների հասել ենք, երբ միասնական ենք եղել։
Նոր Հայաստանը պետք է լինի հաղթանակների Հայաստան։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հպարտանալով անցյալով կամ նախկինում ունեցած ձեռքբերումներով՝ մենք պետք է ավելի մեծ ոգևորությամբ ու ստեղծագործաբար մոտենանք ապագային:
Մեր միտքը և կարողությունները պետք է առաջ ընկնեն զգացմունքներից ու մեր երկիրը դարձնեն աշխարհի ընթացքին ավելի համահունչ: Ժամանակը մեզ անընդհատ մղում է առաջ՝ հասկացնելով, որ որպես պետություն, որպես ժողովուրդ ուշանալու իրավունք չունենք: Մենք պետք է շարժվենք առաջընթացի ճանապարհով՝ Սահմանադրության նկատմամբ անվերապահ հարգանքի, հանրության, քաղաքացիական հասարակության ինստիտուտների և իշխանության բոլոր ճյուղերի կողմից պետության հանդեպ մեծ պատասխանատվության գիտակցումով:
Որպես Հայաստան-Արցախ-Սփյուռք, մենք մեկ ամբողջություն ենք համաշխարհային միջավայրում:
Ուրեմն՝ ունենք շատ ավելի մեծ ներուժ և հնարավորություն, քան պատկերացնում ենք:
Դարձնենք այդ բոլորը մեր հետագա հաղթանակների շարժիչ ուժը, դարձնենք բոլորս միասին՝ Հայաստանի բոլոր քաղաքացիներով, աշխարհասփյուռ հայությամբ, համահայկականությամբ:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մեր ընտանիքներում սովոր ենք ընտանեկան տոները նշել միասին և միասնական։ Մեր ազգային տոնը մեր մեծ հայկական ընտանիքի տոնն է, այսօրվա Հայաստանի Հանրապետության ծննդյան օրը, մեր մեծի ու փոքրի, զինվորի և աշխատավորի, մտավորականի և ուսանողի, բոլորիս տոնը։
Շնորհավորում եմ բոլորիս համազգային և համապետական տոնի՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ: Մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն, երջանկություն և լավատեսություն»,- ՀՀ նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ասված է նախագահի ուղերձում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան