Ռոբերտ Քոչարյան. Համոզված եմ, որ մեր երկիրը հաղթահարելու է դժվարություններն արժանապատվությամբ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական խոսք է հղել հայ ժողովրդին Անկախության հռչակման 27-րդ տարեդարձի առթիվ։
«Հարգելի հայրենակիցներ, մենք անկախության 27-ամյա տարեդարձը դիմավորում ենք բացառիկ իրավիճակում: Այս տարվա մայիսին տեղի ունեցած հեղափոխությունը, մեկնարկած գործընթացը, ընթացող իրադարձությունները նոր փորձություն են մեր պետականության համար: Արժեքները, հանուն որոնց մարդիկ փողոցներ էին դուրս գալիս, այսօր հարվածի տակ են:
Այն, ինչ տեղի էր ունենում սիրո և համերաշխության նշանաբանով, այսօր դրա առաջնորդների ջանքերով վերածվում է ատելության, վրեժի և անօրինականության: Ճակատագրի հեգնանքով՝ այսօր պետք է փրկել հեղափոխության գաղափարները նրանցից, ովքեր այն սկսել են:
Այնուամենայնիվ, ես համոզված եմ, որ մեր երկիրը հաղթահարելու է այդ դժվարություններն արժանապատվությամբ, և արդյունքում Հայաստանում մենք ոչ թե անձի պաշտամունք ենք ունենալու, այլ իրական ժողովրդավարություն, ոչ թե հասարակություն, որը բաժանված է սևերի և սպիտակների, այլ միասնական ազգ, ոչ թե ամպագոռգոռ հայտարարություններ, այլ երաշխավորված անվտանգություն ու բարեկեցիկ կյանք Հայաստանի և Արցախի համար:
Թանկագին հայրենակիցներ,
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ՝ ցանկանալով բոլորիդ երջանկություն և խաղաղություն», - ասվում է Ռ.Քոչարյանի ուղերձի մեջ»,-նշել է նա իր խոսքում։