ՀՖՖ-ում կադրային ջարդ չի լինելու. Արթուր Վանեցյան
«Ես նման հնարավորություն չունեմ, որ ֆուտբոլում անձնական միջոցներ ներդնեմ, բայց կարծում եմ, որ եղած գումարներն արդյունավետ օգտագործելու դեպքում խնդիրների առջև չենք կանգնի»,-այսօր ՀՖՖ նախագահի ընտրություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՖՖ նորընտիր նախագահ Արթուր Վանեցյանը։
Անդրադառնալով ՀՖՖ գործկոմի կազմին՝ նա նշեց, որ հանդիպումներ են եղել ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչների հետ, զրուցել և եկել են պայմանավորվածության՝ առաջադրելու իր թեկնածությունը։
«Տարբեր մարդկանց քննարկումների արդյունքում որոշվել է ունենալ այդ գործկոմի կազմը։ Աշխատանքների արդյունքները ցույց կտան, թե կոնկրետ գործկոմի անդամներից որ մեկն ինչով է զբաղվելու։ Կառավարության անդամներ իհարկե կան, նրանք ունենալու են իրենց դերակատարությունը։ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանն օրինակ կկարողանա իր աշխատանքով որոշակի օրենսդրական փոփոխություններ հեղինակել, բացի այդ, ֆուտբոլի տարածումն է շատ կարևոր, մեկնել մարզեր, արտասահման՝ ներկայացնելու մեր ֆուտբոլը։ Ամեն մեկն իր դերակատարությունն ու դերը կունենա։ Մենք բաց ենք լինելու, կտեսնեք՝ ով ինչով է զբաղվում»,- ասաց նա։
Վանեցյանը կեսկատակ հիշեցրեց, որ երկրում իրավիճակ է փոխվել, իրավիճակ է փոխվել նաև հայկական ֆուտբոլում։
«Կլինեն պարզ, թափանցիկ ընտրություններ։ Ով կհավաքի առավելագույն ձայներ, կճանաչվի լավագույն ֆուտբոլիստ կամ լավագույն մարզիչ»,- հավաստիացրեց ՀՖՖ նորընտիր նախագահը։
Նա միաժամանակ վստահեցրեց, որ «Հրազդան» մարզադաշտում կայանալիք հավաքականի առաջիկա խաղի տոմսերի գինը կիջեցվի։ Ամենաէժան՝ 4 հազար դրամ արժեքով տոմսերը կվաճառվեն 1000 դրամով, մնացած տոմսերը՝ նույն տրամաբանությամբ։
Անդրադառնալով պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու գաղափարին՝ Արթուր Վանեցյանը նշեց, որ այն պահին կոնկրետ պատասխան տալ չի կարող, սակայն ողջունում է այդ գաղափարը։
Ինչ վերաբերում է Զինված ուժերում ֆուտբոլի ներդրման հարցին, ՀՖՖ նորընտիր նախագահը նշեց՝ եթե կարողանանք հասնել նրան, որ ԶՈՒ կազմում լինի թիմ, շատ լավ կլինի։ «Դա քննարկման առարկա է, այս պահին իմ մոտեցումը այն է, որ ցանկանում եմ նման քայլի դիմել»,- ասաց նա։
Կրկին անդրադառնալով հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցին՝ Վանեցյանը տեղեկացրեց, որ հանդիպել է Յուրի Ջորկաեֆի հետ, սակայն հանդիպման մասին մանրամասներ այս պահին չի կարող հայտնել։
Նա նաև նշեց, որ ՀՖՖ-ում կադրային ջարդ չի լինելու, յուրաքանչյուր աշխատակից գնահատվելու է իր պրոֆեսիոնալիզմի համաձայն։ Ըստ այդմ, եթե աշխատակիցները պրոֆեսիոնալ են և կարող են աշխատել, շարունակելու են պաշտոնավարել իրենց պաշտոններում։
Ինչ վերաբերում է նախապես պայմանավորված խաղերին՝ Արթուր Վանեցյանը նկատեց, որ այդպիսի խաղեր լինում են ամբողջ աշխարհում, ոչ մի ֆեդերացիա այդ երևույթից ապահովգրված չէ, սակայն ՀՖՖ-ն անելու է ամեն ինչ բացառելու նման դեպքերը, այդ թվում՝ ԱԱԾ-ն իր գործառույթների շրջանակներում իրականացնելու է իրենից կախված բոլոր քայլերը։
«Պետք է ամեն ինչ անենք, որ ստեղծվի այնպիսի մթնոլորտ որպեսզի պայմանավորված խաղեր չլինեն։ Իսկ Եթե կլինեն մարդիկ, ովքեր կփորձեն նման քայլերի դիմել, կպատժվեն օրենքի ամենայն խստությամբ»,- ընդգծեց Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՖՖ գործկոմի կազմը հաստատվեց
- Ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուներ կան և ներսից, և դրսից . Վանեցյան
- Մենք ֆուտբոլին պետք է մոտենանք, որպես սոցիալական նախագծի. Արթուր Վանեցյան
- ՀՖՖ-ն միշտ էլ հարգված է եղել եվրոպական ֆուտբոլային համայնքի կողմից. ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ
- Արթուր Վանեցյանն ընտրվեց ՀՖՖ նախագահ
- Վանեցյանը ժամանեց Ֆուտբոլի ակադեմիա՝ ընտրությունների
- Վարդան Մինասյանը հրաժարական է ներկայացրել
- ՀՖՖ-ն ներկայացրել է ֆեդերացիայի նախագահի և գործկոմի անդամների թեկնածուներին