Մեր երկրում ամենաբարձրը պետք է գնահատվի աշխատող մարդը. վարչապետ
«Հեղափոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ես արեցի իմ բաժին անելիքը, դուք ձեր։ Նույնը վերաբերում է տնտեսությանը։ Մի տարի առաջ ասում էին՝ չեն թողնում բիզնես դնենք։ Այսօր որևէ մեկը որևէ մեկի համար չի կարող արգելք ստեղծել։ Հայաստանում մենաշնորհներ չկան, քաղաքական խոչընդոտ չկա տնտեսական գործունեության համար»,- այսօր Արտաշատում ազգաբնակչության հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսօր ՀՀ բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ։ Կառավարությունն իր բաժին անելիքը կանի, բայց առանց ձեր աջակցության չի կարող իր անելիքն անել։ Թոշակն ինչպես պետք է բարձրացնենք. երբ որ աշխատանքը լինի օրինական, հարկերը վճարվեն օրինական։ Ինչպես հեղափոխությունը միայն իմ անելիքը չէ, այնպես էլ մեր տնտեսական հետագա զարգացումը միայն կառավարության անելիքը չէ։ Եթե դուք ցանկանաք, սարեր շուռ կտաք։ ՀՀ քաղաքացին ձեռք պարզող քաղաքացի չէ, որ ձեռքը պարզի ասի՝ երեք հատ լավաշ տվեք, կամ 5 հազար դրամ տվեք՝ գնամ ձեր օգտին քվեարկեմ։
ՀՀ քաղաքացին ձեռք մեկնող քաղաքացի է, որ ընկածին ասի՝ ձեռքդ տուր, բարձրացնեմ, որովհետև մենք պետք է բարձրանանք ու բարձրացնենք։ Մենք պետք է իրար բարձրացնենք։ Սա է կարևորը։ Մեր երկրում ամենաբարձրը պետք է գնահատվի աշխատող մարդը։ Շեշտը պետք է դրվի, կրթության, աշխատանքի վրա։
Այսօր Արտաշատի «Արտֆուդ» գործարանում 150 թափուր աշխատատեղ կա։ Ուրիշ բան, եթե որևէ գործատու բանվորի իրավունքը չի պաշտպանում։ Դրա տերն էլ ենք մենք։ Բայց ես չեմ հասկանում, երբ կան աշխատատեղեր և կա գործազրկություն։ Աշխատելն ամոթ չէ, չաշխատելն է ամոթ։ Եթե 84-ամյա Քնարիկ ՄՆացականյանն իր 90-ամյա ամուսնու հետ կարողանում է ռեկորդային բերք ստանալ նույն հողի վրա։ 84-ամյա Քնարիկ Մնացականյանն էլ է չէ՞ նույն ջրի, նույն պայմաններում աշխատում։ Մենք պետք է մեր ոտքերի տակ գցենք մեր հուսահատությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը շեշտեց՝ հայ ազգը հզոր ազգ է, Հայաստանում ժողովուրդը բարձրագույն իշխանություն է։
Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ նախկին համակարգը հեռացել է անվերադարձ, հետդարձի ճանապարհ չեն կարող ունենալ։ «Նրանք ոչ միայն երկիրը թալանել են, այլև վիրավորել են մեր ժողովրդի արժանապատվությունը»,- ասաց վարչապետը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արարատի մարզում արտաշատցիների հետ հանդիպման ժամանակ «փնտրում էր դաշնակիցների»:
«Անկեղծ եմ ասում՝ փնտրում եմ դաշնակիցներ, բայց ոչ թե կուսակցական, քաղաքական առումով, այլ փնտրում եմ դաշնակիցներ, որոնք պատրաստ են իրենց ուսերին կրել Հայաստանի զարգացման իրենց բաժին բեռը»,- նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսօր հենց Արարատի մարզում էլ գտել է դաշնակցի՝ Արարատ գյուղի բնակիչ 84-ամյա Քնարիկ Մնացականյանն է, 90-ամյա ամուսնու հետ: Վարչապետը Քնարիկ տատին հանդիպել է Արարատի գինու գործարանում: Սկզբում նրան թվացել է, որ նա ուղղակի եկել է վարչապետին ողջունելու, բայց պարզվել է, որ նա իր գործերով է եկել:
«Պարզվեց, որ Քնարիկ Մնացականյանն իր ամուսնու հետ 7 հազար մետր խաղողի այգի ունեն և արդեն քանի տարի ստանում են ռեկորդային բերք՝ 25 տոննա խաղող, որն էլ մթերում են գործարանում: Ասում եմ՝ բա ո՞վ է օգնում Ձեզ, ո՞նց եք կազմակերպում, ասում է՝ աշխատողներ ունենք, նրանք էլ այգին մշակում են: Պարզվում է՝ նրանք 20 աշխատատեղ են ապահովում: Ես էլ ասում եմ՝ մի գործարան այդքան աշխատատեղ բացելու է լինում, բերում են էլ կառավարության որոշում են ուզում, արտոնություն են ուզում, հատուկ կարգեր են ուզում, բայց 84-ամյա այս կինն էլ նույն խնդիրներն ունի, ինչպես բոլորը՝ ջրի, պարարտանյութի, բերքահավաքի, բայց այս կինն ինձ չի ասում՝ վարչապետ ես, իմ էս կամ էն խնդիրը լուծի, նա ինձ նայում ա և ես նրա հայացքում կարդում եմ հետևյալը՝ դու ով ես, որ իմ պրոբլեմը լուծես, ես ինքս իմ խնդիրը կլուծեմ: Ես հասկացա, որ ի դեմս Քնարիկ Մնացականյանի՝ գտա մի շատ կարևոր դաշնակից, ով չի սպասում, որ որևէ մեկն իր խնդիրը կլուծի, 84 և 90-ամյա ամուսիները չեն պատրաստվում տունը նստել: Այստեղ խնդիրը ամենևին փողը չէ, այլ ինքնագնահատականը, աշխատանքից հաճույք, բերկրանք ստանալն է: Ուզում եմ ասել, որ նոր Հայաստանի դաշնակից եմ համարում բոլոր այն մարդկանց, որոնք աշխատանքը համարում են մարդկային ամենաբարձր առաքինությունը, ովքեր, չեն սպասում որ որևէ մեկն իրեն ողորմություն կամ օգնություն կտա, նրանք գիտեն, որ կարող են իրենց բարիքը ստեղծել իրենց աշխատանքով և կազմակերպչական ընդունակությամբ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը մի երկիր է, որտեղ 84-ամյա կինն ու 90-ամյա տղամարդը կարող են առանց գովազդելու, առանց պատվոգրերի, առանց նկարների 20 աշխատատեղ ստեղծել. «Սա է նոր Հայաստանը»:
Արտաշատցիներից մեկըլ հայտնեց, որ իրենց մարզում մարդիկ աշխատում են 12 ժամ, որի դիմաց ստանում են 3.5 հազար դրամ, մինչդեռ Քնարիկ տատը ընդամենը մի քանի ժամ է աշխատեցնում և օրական վճարում է 5 հազար դրամ, ինչպես նաև աշխատողներին ապահովում է սնունդով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները