Մենք ֆուտբոլին պետք է մոտենանք, որպես սոցիալական նախագծի. Արթուր Վանեցյան
«Իմ կողմից ես ամեն ինչ անելու եմ, որ մեր համատեղ աշխատանքը ստացվի, համոզված եմ, մենք միասին հաջողության կհասնենք»,- այս մասին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովի ժամանակ նշեց, ԱԱԾ տնօրեն, ՀՖՖ նորընտիր նախագահ Արթուր Վանեցյանը։
«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վստահության համար, շատ կարևոր է գիտակցել, որ ես առաջադրվել եմ ՀՖՖ նախագահի պաշտոնում գրեթե բոլոր պատվիրակների կողմից, դա ոգեշնչող է և միաժամանակ պարտավորեցնող։ Վերջին երկու ամսվա ընթացքում իմ թիմի հետ նախանշել եմ հայաստանյան ֆուտբոլի զարգացման ուղիները, ուրվագծել այն զարգացման ծրագիրը, որով ցանկանում եմ միասին առաջնորդել ֆուտբոլը Հայաստանում»,- նշեց Վանեցյանը։
Նա ներկայացրեց այն հիմնական դրույթները, առաջնահերթությունները, որոնք կարևոր է համարում հայկական ֆուտբոլի համար։
«Կարևորագույն սկզբունքը, որով կարծում եմ պարտավոր ենք առաջնորդվել հետևյալն է՝ ֆուտբոլը բոլորի համար է, սա նշանակում է, որ մենք ֆուտբոլին պետք է մոտենանք, որպես սոցիալական նախագծի, հիշենք, թե առաջին հերթին ինչ է դրված մեր կազմակերպության անվան մեջ։ Այն կոչվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, ոչ թե Հայաստանի ազագային հավաքականի ֆուտբոլի ֆեդերացիա կամ Հայաստանի ակումբների ֆուտբոլի ֆեդերացիա, իսկ դա նշանակում է, որ ֆուտբոլն իր բոլոր մակարդակներում՝ առաջին հերթին սիրողական, պետք է վերջապես դուրս գա Երևանից և գնա դեպի մարզեր»։
Նրա խոսքով՝ այս ամենը պետք է սկսվի ֆունդամենտից, այսինքն սիրողական և մասսայական ֆուտբոլից. «Մեր տեսլականն է՝ ֆուտբոլ խաղալու անվճար հնարավորություն ստեղծել Հայաստանի բոլոր վայրերում, ճիշտ մեթոդաբանության կիրառման ֆուտբոլային դպրոցների թվի աճի պարագայում ֆուտբոլ խաղացողների քանակն անխուսափելիորեն կբերի որակի։
Մամուլում և սոցցանցերում վերջին շաբաթվա ընթացքում գրվել է այն մասին, թե ակումբներից ընդամենը երկուսի ղեկավարներն են գործադիր կոմիտեի թեկնածուներ և դա ակումբների իրավունքների ոտնահարում է, սակայն նորից պետք է հիշեցնեմ «Ֆուտբոլը բոլորի համար է» կարգախոսը։ Մեր կարծիքով՝ գործադիր կոմիտեն պետք է ներառի ինչպես ֆուտբոլային հանրության, այնպես էլ հայաստանյան հասարակության լայն շերտերը»։
ՀՖՖ նորընտիր նախագահի խոսքով՝ Ֆուտբոլային ակումբների կարևորագույն խնդիրները պետք է լինեն ֆոիտբոլի ֆեդերացիայի ուշադրության կենտրոնում։
«Մենք նախատեսում ենք ստեղծել կոմիտե, որտեղ ներառված կլինեն բոլոր ակումբենրի նախագահները, ՀՖՖ նախագահը, երկու փոխնախագահները, գլխավոր քարտուղարը և ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի ղեկավարը։ Նախնական փուլում կոմիտեն կհավաքվի ամիսը մեկ անգամ և կքննարկի ակումբային ֆուտբոլի ամենահրատապ հարցերը։ Խոստանում եմ՝ մենք փակելու ենք ՀՖՖ-ի և ֆուտբոլիային ակումբների թշնամանքի էջը, ամեն ինչ անելու ենք ակումբներին աջակցելու համար, ակումբներից պահանջելու ենք միայն մեկ բան՝ հետևել արդար ֆուտբոլի կանոններին և չխախտել ՀՀ օրենսդրությունը»,- նշեց Վանեցյանը։
Ինչ վերաբերում է ազգային հավաքականին՝ ասաց, որ դժվար խնդիր է լինելու փոխել կարծրատիպը, երբ ֆեդերացիայի գործունեությունը գնահատվել է բացառապես հավաքականի և ակումների գրանցած արդյունքներով:
«Ես վերջին ամիսներին հանդիպել եմ ոլորտի բազմաթիվ փորձագետների հետ, թե Հայաստանում, թե Եվրոպայում, որտեղ ի դեպ գաղտնալսվել եմ, քննարկումներ անցկացրել։ Իմ կարծիքով՝ զարգացման ճանապարհը մեկն է՝ ոչ թե ամեն անգամ միլիոններ ծախսել գլխավոր թիմի համար մարզչական անձնակազմ բերելու նպատակով, այլ ստեղծել մի համակարգ, որը կօգնի աճել թե սեփական մարզիչներին, թե ֆուտբոլիստներին։ Մեր հիմնական խնդիրն է լինելու մարզչական կրթության լուրջ փորձագետ հրավիրել և ստեղծել բարձրակարգ տեխնիկական տնօրինություն»,- հավելեց նա՝ շեշտելով, որ քայլեր են իրականացվելու նաև կանանց և աղջիկների ֆուտբոլի զարգացման համար։
Հարակից հրապարակումներ`
- ՀՖՖ-ն միշտ էլ հարգված է եղել եվրոպական ֆուտբոլային համայնքի կողմից. ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ
- Արթուր Վանեցյանն ընտրվեց ՀՖՖ նախագահ
- Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ կընտրեն
- Վարդան Մինասյանը հրաժարական է ներկայացրել