Ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուներ կան և ներսից, և դրսից . Վանեցյան
«Վարդան Մինասյանի հրաժարականը մի փոքր անսպասելի էր։ Մենք չենք զրուցել իրար հետ, հանդիպել ենք մեկ անգամ, և չէի սպասում, որ նա պետք է հրաժարական տար»,- այսօր ասաց ՀՖՖ նորընտիր նախագահ Արթուր Վանեցյանը։
«Հաշվի առնելով, որ հրաժարականը եղավ անսպասելի, մենք հիմա պետք է շատ ակտիվ աշխատենք հավաքականի նոր գլխավոր մարզիչ գտնելու ուղղությամբ: Արդեն իսկ երեկվանից՝ գիշերվանից, աշխատանքները շատ ակտիվ տարվում են։ Կան մի քանի թեկնածուներ։ Նրանց անունները չեմ կարող նշել՝ նրանք և ներսից են, և դրսից։ Առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում կներկայացվի ՀՀ ազգային հավաքականի գլխավոր նոր մարզչի թեկնածությունը»,- ասաց Վանեցյանը՝ չկոնկրետացնելով՝ արդյոք քննարկվում է Յուրի Ջորկաեֆի թեկնածությունը։
ՀՖՖ նորընտիր նախագահը շեշտեց՝ ակնհայտ է, որ ՀՖՖ աշխատանքներում կան ձեռքբերումներ, դրական տեղաշարժ, սակայն ինքը չէ, որ պետք է գնահատական տա ֆեդերացիայի կատարած աշխատանքներին։
«Դրականն ակնհայտ է, իսկ ինչ պետք է, մենք կանենք՝ կպահպանենք այդ դրականը և կգնանք ավելի լավ գործեր անելու ուղղությամբ։ Ուղղությունները հիմնական մատնանշել եմ, թե ինչպես եմ տեսնում ֆուտբոլի զարգացումը»,- ասաց Վանեցյանը։
ՀՖՖ նորընտիր նախագահը միաժամանակ նշեց, որ իր կարծիքով, լեգիոներները պետք է լինեն, սակայն նրանց քանակը պետք հստակեցվի և կանոնակարգվի։ Սա կարվի առաջիկայում։
«Ֆուտբոլի ներկայիս կազմի հետ հանդիպում եղել է մեկ անգամ, գնացել ենք ՀՀ հավաքականի պարապմունքին, կարճ զրույց եմ ունեցել, որևէ այլ հանդիպումներ չեմ ունեցել։ Ինչ վերաբերում է հավաքականում ընդգրկվող ֆուտբոլիստներին։ Ուզում եմ այս թեման մեկընդմիշտ փակել. ես որևէ կերպ չեմ միջամտելու հավաքականի կազմին։ Լինելու է գլխավոր մարզիչ, մարզչական շտաբ, նրանք են որոշելու, թե ովքեր են խաղալու հավաքականում։
Որ օրը կլսեք, որ ես որևէ կերպ միջամտել եմ հավաքականի կազմին, այդ օրը ինչ ուզեք, կարող եք ինձ ասել։ Ես չեմ միջամտելու, ես մարզիչներից, մարզչական շտաբից պահանջելու եմ, որ արդյունքներ ունենք։ Եթե մարզիչները կորոշեն, որ այս կամ այն ֆուտբոլիստը պետք է խաղա, կապ չունի՝ նա ընդգրկված է եղել, թե ոչ, ուրեմն նա պետք է խաղա»,- նշեց Արթուր Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք ֆուտբոլին պետք է մոտենանք, որպես սոցիալական նախագծի. Արթուր Վանեցյան
- ՀՖՖ-ն միշտ էլ հարգված է եղել եվրոպական ֆուտբոլային համայնքի կողմից. ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ
- Արթուր Վանեցյանն ընտրվեց ՀՖՖ նախագահ
- Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ կընտրեն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան