Հայաստանը դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոխելուն. Զոհրաբ Մնացականյան
«Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը եղել և մնում է ամենագործնական, ամենաարդյունավետ ձևաչափը, որի շրջանակներում տեղի է ունենում բանակցային գործընթացը: Ձևաչափի որևէ փոփոխություն որևէ արդյունք չի ունենալու: Մենք բնականաբար դեմ ենք լինելու դրան»,- այս մասին Հանրային հեռուստաընկերության «Իրականում» հաղորդաշարին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին՝ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը փոխելու կարիք տեսնու՞մ է:
Հարցին, թե ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորություններն ընդլայնելու հարցը քննարկվում էր դեռ ութ ամիս առաջ: Այստեղ որևէ առաջընթաց ունե՞նք, Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է.
«Դժբախտաբար Ադրբեջանը շարունակում է արգելափակել այս հարցը: Բայց ես ավելի կընդհանրացնեի այս հարցը, քանի որ այն ոչ միայն դրան է վերաբերում, այլև ընդհանրապես խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորմանը, զինադադարի ռեժիմի ամրապնդմանը, վերացնելուն բոլոր վտանգները, որոնք կարող են բերել լարվածության աճին: Սա ավելի համապարփակ հարց է, իր մեջ պարունակում է բազմաթիվ ենթահարցեր, որոնցից մեկն է անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման հարցը: Մենք շարունակելու ենք այս հարցի շուրջ աշխատել»:
Հարց- Հայաստանը բանակցային գործընթացին Արցախի մասնակցության վերաբերյալ ունի հստակ դիրքորոշում, որը վարչապետը բազմիցս բարձրաձայնել է: Դուք օրեր առաջ եք վերադարձել Արցախից: Արցախն է՞լ է համաձայն, որ առանց իր մասնակցության չպիտի լինեն բանակցություններ:
Զոհրաբ Մնացականյան. Արցախն արտահայտվել է այդ հարցի վերաբերյալ: Սա նորություն չէ: Իրականում այն, որ Արցախն ունի որոշիչ ձայն այս գործընթացում, արտահայտվել է բազմիցս, և դա իրողություն է: Արցախի որոշիչ ձայնի կիրառելիությունն ապահովելու համար մենք շարունակելու ենք աշխատել այս հարցի շուրջ: Հստակ է, որ առանց Արցախի որոշումների որևէ տևական կայուն լուծում ենթադրելն ու պատկերացնելն անհնար է:
Հարց- Կարո՞ղ ենք ենթադրել, որ քանի դեռ Արցախի մասնակցության հարցը հստակ չէ, բանակցությունները կանգ են առնում։
Զոհրաբ Մնացականյան- Ոչ, չի կարելի այդպես ասել, որովհետև մենք շարունակում ենք մնալ կառուցողական: Հայաստանը շարունակելու է կառուցողական աշխատել խաղաղ բանակցությունների գործընթացի շրջանակներում, և աշխատել բոլոր այս հարցերի շուրջ, որովհետև բանակցությունների միջոցով է, որ մենք կարող ենք լուծումներ տալ։
Հարց- ՄԱԿ-ում հանդիպելո՞ւ եք Մամեդյարովի հետ:
Զորհաբ Մնացականյան- Մոտ ժամանակներս մենք համաձայնեցված ձևով կհայտարարենք այդ մասին:
Հարց- Հանդիպման ժամկետը դեռ հստակ չէ՞:
Զոհրաբ Մնացականյան- Ես փորձում եմ կոռեկտ լինել, մենք ունենք հայտարարելու համաձայնեցված պահը և շուտով այդ մասին կհայտարարենք:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան