Ովքեր դժվարանում են բան ասել, թող դիմում գրեն ու գնան իրենց գործերին. վարչապետ
2017 թվականին Արարատի մարզում լոլիկի բերքը կազմել է 116 484 տոննա, այս տարի 35 հազար տոննայով պակաս լոլիկ է սպասվում: Այս մասին այսօր Արարատի մարզում համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Վարչապետը հետաքրքրվեց պատճառների մասին:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նշեց, որ պատճառը բարձր ջերմաստիճանն է, անոմալ ջերմային ֆոնը, ինչպես նաև՝ լոլիկի ցեցը: Միաժամանակ նախարարն ասաց, որ նախորդ տարի ջրի խնդիր է եղել, և գյուղացիները «դառը» փորձն ունենալով, նվազեցրել են լոլիկի ցանքատարածությունները:
Վարչապետը գյուղատնտեսության նախարարից հետաքրքրվեց, թե ցեցի դեմ ինչ միջոցներ են ձեռնարկում:
«Սննդի անվտանգության տեսչական մարմնին հանձնարարական ենք տվել, նաև Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ ենք խոսել, քննարկում ենք ունեցել խոշոր աճեցնողների և մթերողների հետ: Նրանք դժվարանում են որևէ բան ասել, քանի որ բաց տարածություն է, և ցեցը նորից հայտնվում է: Ջերմոցներում պայքարի քիչ, թե շատ արդյունավետ միջոցներ կան, բայց դաշտերում պետք է մեխանիկական պայքարի ձևեր օգտագործենք, որ կարողանանք դրանց ոչնչացնել: Իհարկե դա բարդ է, էական միջոցներ է պահանջվում»,- նշեց գյուղատնտեսության նախարարը:
Վարչապետն էլ իր հերթին ասաց, որ երբ խոսում են ՊՈԱԿ-ների լուծարման մասին, դժգոհում են՝ ինչի են լուծարում: «Բայց երբ ասում ենք, որ պրոբլեմ ունենք, ոնց լուծենք, դժվարանում են որևէ բան ասել: Եթե դժվարանում են որևէ բան ասել, մենք էլ պետք է դժվարանանք դրանք պահել, քանի որ դրանց գոյությունն անիմաստ է: Հինգ տարի այդ պրոբլեմը կա և դժվարանում ենք ասել, թե ոնց պետք է դա լուծենք: Ուրեմն կհավաքեք բոլորին, թող մեկամսյա ժամկետում կոնկրետ պլան ներկայացնեն, թե ինչ ենք անելու, որ մյուս տարի այդ խնդիրը չունենանք: Ովքեր դժվարանում են բան ասել, թող դիմում գրեն ու գնան իրենց գործերին: Հինգ տարվա արդյունքում չգիտենք, թե խնդիրն ինչպես ենք լուծելու: Սա նշանակում է, որ լոլիկի ցանքատարածությունները մյուս տարի ավելի քիչ են լինելու, շուկայում ճգնաժամ ենք ունենալու և ստիպված լոլիկ ենք ներմուծելու»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Ներկաներն ասացին, որ ցեցը գալիս է Թուրքիայի կողմից։ Ի պատասխան, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այդ ինչպես է, որ Թուրքիայում ցեց կա, բայց լոլիկը և նրանց է հերիքում, և՝ մեզ»:
Վարչապետը խիստ հանձնարարական տվեց, որ մեկ ամսվա ընթացքում ծրագիրն իր սեղանին դրված լինի: