Ամեն ինչ արվում է, որ կարկուտը գա, դաշտերը ջարդի, վերջում գան ասեն՝ կառավարություն, դե փոխհատուցի. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արարատի մարզ կատարած այցի ընթացքում համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ հետաքրքրվեց, թե ներկայում մարզում ինչքան կաթիլային ոռոգվող այգի, հակակարկտային ցանց ու կայան կա:
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն արձագանքեց՝ նշելով, թե բաց դաշտում 40 հազար կաթիլային համակարգով ոռոգվող տարածք կա: Վարչապետը հարցրեց. «40 հազար ի՞նչ», մարզպետը պատասխանեց. «Հեկտար, կարծեմ», սակայն լսելով ներկաների զարմացած արձագանքները՝ ուղղեց, թե խոսքը 40 հեկտարի մասին է:
Նիկոլ Փաշինյանը նաև հետաքրքրվեց. «Իսկ այգինե՞ր»: Սակայն այս տվյալներին ևս մարզպետը չէր տիրապետում: «Ո՞վ կա դահլիճում, որ էս հարցերին տիրապետում ա: Գյուղվարչության պետը ներկա չի՞», - հարցրեց Փաշինյանը:
Հանդիպմանը ներկա էր գյուղվարչության պետի տեղակալը, որը ևս կոնկրետ թիվ չկարողացավ նշել: Գյուղատնտեսության նախարարը ևս չկարողացավ ասել՝ քանի հա կաթիլային ոռոգվող այգի կա մարզում:
Վարչապետը հորդորեց ճշտել տվյալները և ներկայացնել իրեն. «Հավաքվել ենք գյուղատնտեսական ամենախոշոր մարզում և ամենապրիմիտիվ տվյալներին չենք տիրապետում: Այսինքն՝ պետք է սկսել այստեղից: Մենք չգիտենք ինչ է կատարվում և ուզում ենք ինչ-որ բան անել»:
Ի վերջո, Արարատի մարզպետի խորհրդական Աշոտ Վարդանյանը տեղեկացրեց, որ մարզում առկա է 99 հակակարկտային կայան, որոնք բաշխված են երկու գծով, դրանք 30 տոկոս ծածկողականություն են ապահովում։ Կայաններից յուրաքանչյուրը, պաշտոնյայի խոսքով, ծածկում է շուրջ 10 հազար հեկտար։
«Կայանները որոշ չափով արդյունավետ են, ամեն դեպքում կարկտի հետևանքներ չենք զգացել»,- ասաց Աշոտ Վարդանյանը։
Վարչապետը նաև հետաքրքրվեց՝ որքան արժե մեկ կարկտային կայանի տեղադրումը։ Աշոտ Վարդանյանը պատասխանեց՝ մոտ 5-6 միլիոն դրամ։
Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ հակակարկտային կայաններն արդյունավետ կարող են աշխատել միայն այն դեպքում, եթե լիցքավորված են որակյալ գազով։
«Դնում են այդ կայանները, չարաշահումներ են արվում, հետո ասում են՝ կայանները չեն աշխատում։ Ամեն ինչ արվում է, որ կարկուտը գա, դաշտերը ջարդի, վերջում գան ասեն՝ կառավարություն, դե փոխհատուցի։ Սա ինչ աշխատանքի ձև է» ,- զարմացավ գործադիրի ղեկավարը։
Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն իր հերթին նշեց, որ ճիշտ գազով լիցքավորելու դեպքում կայանների արդյունավետությունն ավելի բարձր է լինում։
Հարակից հրապարակումներ`
- Տարածաշրջանում Հայաստանն առաջին է, որ հակակարկտային ցանցեր կարտադրի
- Հայաստանում առաջին անգամ հակակարկտային և կարկտապաշտպան ցանցեր կարտադրվեն
- Տոնոյան. Հակակարկտային պաշտպանության հրթիռային համակարգի ներդրումը սկսելու է մարտի վերջին
- Հակակարկտային նոր հրթիռային կայանները շուտով կլինեն Հայաստանում
- Հակակարկտային կայանքներից կատարվել է 993 կրակոց
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները