Երբեք չպետք է անձնավորել, երբեք չպետք է մեկը մյուսին վիրավորի. Արա Բաբլոյան
«Միանշանակ՝ քվեարկել եմ հանուն Երևանի զարգացման»,- 4/53 ընտրական տեղամասում քվեարկությունը կատարելուց հետո լրագրողներին ասաց Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը։
Հարցին, թե կա՞ր ձեզ համար նախընտրելի թեկնածու և դուք ոչ թե բոլորին «դեմ» քվեարկեցիք, այլ ինչ որ մեկի օգտին, ԱԺ նախագահն ասաց. «Այո։ Չի կարելի ասել, որ բոլորին դեմ ես քվեարկում»։
Պատասխանելով հարցին, թե այս ընտրություններն ինչո՞վ են տարբերվում նախորդ ավագանու ընտրություններից, Արա Բաբլոյանն ասաց. «Չեմ ասի, որ շատ մեծ տարբերություններ կան, բայց ամեն դեպքում ինձ համար հանդուրժողականությունն ընտրական գործընթացում կարևոր դեր ունի։
Այո, պայքարը միշտ թեժ է լինում, բոլորն ուզում են անպայման ունենալ լավագույն արդյունքը, բայց երբեք չպետք է անձնավորել, երբեք չպետք է մեկը մյուսին վիրավորի։ Ցավոք, մեկ-մեկ եղան նման դեպքեր, բայց հույս ունեմ կամաց-կամաց էլ ավելի առաջ կգնանք, ժողովրդարությունը մեզ մոտ էլ ավելի կամրապնդվի»։
Հարցին, թե վարչապետ Ն. Փաշինյանն ասում է, որ այս ընտրություններին իրենց դաշինքի օգտին քվեարկելով, քվեարկով են նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների օգտին, Արա Բաբլոյանը պատասխանեց, որ մեկը մյուսի հետ ոչ մի կապ չունի։
Հարցին, թե այս ընտրությունները կարելի՞ է համարել արտահերթ խորհրդարանական ընտրություների նախաբան, ուժերի հարաբերակցությունը նաև կարտահայտվի ԱԺ ընտրություների վրա. ԱԺ նախագահը պատասխանեց. «Դժվար է ասել, որովհետև ամեն դեպքում սա Երևան քաղաքի ընտրություն է, հիմքում, իհարկե, կան քաղաքական ուժերի դիտարկմամբ արդյունքների ամփոփում։ Բայց միաժամանակ ժամանակի ընթացքում միևնույնն է ժողովուրդը պետք է գնահատական տա, թե ինչպես են գնում այն պրոցեսները, որոնք ուղղված են մեր երկրի անվտանգության պահպանմանը, տնտեսության զարգացմանը, բնակչության բարեկեցությանը, առավել ևս ժողովրդավարության ամրապնդմանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան