Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, մեկնարկում են Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները: Ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ՝ «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», ՀՅԴ, «Հայք», «Երկիր ծիրանի», «Ռեֆորմիստների», «Ժողովրդավարական ուղի», «Օրինաց երկիր» կուսակցությունները, «Իմ քայլը», «Երևանցիներ», «Երևանի հանրություն», «Լույս» դաշինքները:
Ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկը տրվել էր սեպտեմբերի 10-ին և ավարտվեց սեպտեմբերի 21-ին:
Հիշեցնենք, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները դիտարկելու համար հրավիրել էր Եվրոպայի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությանը:
Ավելի վաղ, ընտրություններին ընդառաջ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ արձանագրված բոլոր խախտումները կստանան իրավական գնահատական և իրավական հետևանք կունենան։
«Ինչպես նախընտրական փուլում, այնպես էլ ընտրությունների օրը արձանագրված բոլոր խախտումները կստանան իրավական գնահատական և իրավական հետևանք կունենան: Օրենքը գործելու է ողջ ծավալով ու խստությամբ: Հանդուրժողականություն չի լինելու ոչ մի իրավախախտի, համակեցության սկզբունքները խախտողի, իրեն օրենքից գերադասողի հանդեպ, որովհետև, կրկնում եմ, մենք հերթական ընտրության չենք գնում, այս ընտրությունը միտված է ապագային, իսկ մեր պետության, մեր ժողովրդի, մեր երեխաների ապագան անսակարկելի է:
Վստահ եմ, որ մեր հասարակության բացարձակ մեծամասնության համոզմունքն եմ արտահայտում. բոլորս ենք շահագրգիռ՝ ունենալու բացառիկ և օրինակելի ընտրություններ և անելու ենք առավելագույնը այդ նպատակի համար: Ուստի մաղթում եմ բոլորիս միակամություն, օրինապաշտություն, միասին գործելու հաստատակամություն ու գործը հաջողությամբ պսակելու կամք»,-ասված էր ոստիկնապետի խոսքում։
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունը կավարտվի ժամը 20:00-ին:
Երևանի ավագանու հերթական ընտրությունը կայացել էր 2017 թվականի մայիսի 14-ին։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը այս տարվա հուլիսի 9-ին հայտարարեց, որ հրաժարական է տալիս։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան