Փաշինյանը կարծում է, որ պասիվության պատճառը գազելների բացակայությունն է
Դեպի Նյու Յորք ճանապարհին Փարիզի օդանավակայանում հանգրվանած վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների մասին տեղեկություններ ստանում է, ուրախ է, որ ընտրություններն ընդհանուր առմամբ անցնում են լավ տրամադրությամբ, խաղաղ, հանգիստ, առանց նյարդային իրադարձությունների, լուրջ միջադեպ չկա։
Անդրադառնալով նախորդ տարվա մայիսին տեղի ունեցած Երևանի քաղաքապետի ընտրությունների համեմատ այս տարվա պասիվությանը, կարծիք հայտնեց՝ դա բացատրվում է հանգամանքով, որ այս ընտրություններին գազելներով, ավտոբուսներով ընտրատեղամաս տանել չկա։
«Ես հույս ունեմ, որ այնուամենայնիվ մեր քաղաքացիներն ակտիվ մասնակցություն կցուցաբերեն, անկախ գազելներից»,-ասաց Փաշինյանը։
Նա ասաց, այս ընտրությունները բացառիկ է, շատ մեծ ինտրիգ է լինելու, թե ինչ արդյունքներ են գրանցվելու քվեարկության արդյունքում։
«Համոզված եմ, որ որ ընդհանուր առմամբ քվեարկությունն ու ձայների հաշվարկը կանցնի սիրո և համերաշխության մթնոլորտում»,-նշեց կառավարության ղեկավարը։
Փաշինյանն ասաց՝ Նյու Յորք հասնելուն պես կշտապի ինտերնետի միջոցով որոշել, թե ինչ նախնական արդյունքներ են գրանցվել։
«Ես կվերադառնամ ամսի 29-ին, որովհետև Նյու Յորքից էլ մեկնելու եմ Դուշանբե։ Համոզված եմ, որ այս ընթացքում ամեն ինչ նորմալ, կարգին կլինի, և Հայաստանը կգտնվի նույնպիսի բարձր և ինքնավստահ քաղաքացիական տրամադրությամբ, ինչ տրամադրությամբ ես այսօր առավոտյան հեռացա Երևանից»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 14-ի դրությամբ քվեարկել է ընտրելու իրավունք ունեցողների 23.72 տոկոսը։ Նախորդ տարվա մայիսին նույն ժամի դրությամբ այդ թիվը եղել է 25.4 տոկոսը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան