Րաֆֆի Հովհաննիսյան. Հուսով եմ՝ երևանցին կքվեարկի խղճի մտոք
Նորք Մարաշ վարչական շրջանում գտնվող թիվ 157 դպրոցում տեղակայված ընտրատեղամաս «Ժառանգություն» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Րաֆֆի Հովհաննիսյանը եկավ միայնակ՝ առանց ընտանիքի անդամների ուղեկցության։
Ասաց, որ կինը՝ Արմենուհի Հովհաննիսյանը վաղուց նախատեսված այց ուներ Լոս Անջելես, այսօր վաղ առավոտյան մեկնել է։
Մինչ այստեղ գալը նա եղել է կուսակցության մի քանի շտաբներում, բարի լույս մաղթել։
Լրագրողների հետ Րաֆֆի Հովհաննիսյանը զրուցեց քվեարկություն կատարելուց առաջ, սարքը չէր ճանաչում անձնագիրը։
«Այս ընտրական գործընթացը մի քայլ առաջ է, հուսով եմ, որ երևանցին կքվեարկի խղճի մտոք»,-ասաց նա։
Խոսելով նախքան ընտրությունները ցուցակագրումների մասին, Ր. Հովհաննիսյանն ասաց. «Ցուցակագրումների մասին վաղուց ենք ստացել տեղեկատվություն, հրապարակել ենք դրանք։ Իրավապահ մարմինները տիրապետում են այդ տեղեկատվությանը։ Այսօր նվազագույնի պահենք խախտումները, վրիպումները, հարցականները և ապագայում ուղղենք, որովհետև կարևորը ոչ միայն ընտրությունների բովանդակային առաջխաղացումն է, այլ նաև երևույթը, քաղաքացու տպավորությունը, որ վստահելի լինեն։ Մենք ուզում ենք, որ լիարժեք վստահելի լինեն ընտրությունները»։
Հարցին, թե ընտրությունների արդյունքներով ո՞վ ընտրվի, կշնորհավորեք, թե՞ ունեք վերապահումներ, նա ասաց. «Ոչ մի վերապահում, շնորհավորում եմ հիմիկվանից։ Ասում եմ, որ բոլորը հաղթել են այս ընտրություններում, այս ընտրությունների իրողությամբ արդեն մենք գրանցել ենք այդ մեկնարկային հաղթանակը։ Մնացածը որակի խնդիր է, արդեն քաղաքական դաշտի կայունության հարցն է, որը, իմ կարծիքով, մի քանի տարի կտևի»։
Խսելով արտահերթ ընտրությունների մասին և պատասխանելով հարցին՝ եթե նոյեմբերին կայանա, «Ժառանգությունը» կմասնակցի՞, Ր. Հովհաննիսյանն ասաց. «Մենք կողմնակից ենք արագացված ընտրությունների, նույնիսկ կարծում էինք, որ համապետականը պետք է առաջինը լինի, որպեսզի ամբողջովին արձանագրվեին հայոց մեծ վերելքի, հեղափոխության ընտրական արդյունքները։ Մենք, իհարկե, կմասնակցենք խորհրդարանական ապագա ընտրություններին»։
Հարցին, թե այլ ուժերի հետ համագործակցության կգանք, «Ժառանգության» ղեկավարն ասաց, որ իրենք միշտ հակված եղել են, ենթադրվում է մյուս ուժերի համաձայնությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան