«Ժողովրդին հանգիստ թողեք»
«Չկա լավ և վատ իշխանություն: Կա վերահսկվող ու չվերահսկվող: Վերահսկվողը լավն է, չվերահսկվողը՝ վատը»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանն ասաց Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը։
Նրա խոսքով, վերահսկողը ժողովրդի պատվիրակներն են, ովքեր կունենան ընդդիմադիր հայացքներ, կհասկանան, որ պրոբլեմ լուծելու համար պետք է գտնել ընդհանուր եզրեր, որովհետև երկիրն այդպես է կառուցվում, չի բաժանվում թշնամիների, յուրայինների՝ հասկանալով, որ մարդիկ կարող են ունենալ տարբեր կարծիքներ:
«Մեզ բոլորիս միավորում է խնդիրը, թե ինչ ենք ուզում կառուցել: Երբ սկսում ենք բաժանել աչքի գույներով, սեռական պատկանելիությամբ, մաշկի գույներով, տարիքով և այլն, արդյունքում երբեք չենք գա ընդհանուր դաշտ, իսկ դա ամենակարևորն է: Ժողովուրդն իր ներկայացուցիչներին ուղարկում է ավագանի, Ազգային ժողով: Ժողովրդին հանգիստ թողեք, թող զբաղվի իր գործով, արարի: Եթե օրումեջ ժողովրդին կանչելու ենք և ասենք՝ լուծեք հարցերը, որովհետև մենք …»,-ասաց Ռուբեն Բաբայանը:
Երգահան, երգիչ Վահան Արծրունու խոսքով, իր համար մեկ է, ով է մաքրելու իր փողոցը, կարևորը, որ փողոցը մաքուր լինի, քաղաքը հարմար լինի իր և իր երեխաների համար, սոցիալական արդարության խնդիրները հնարավորինս չափով իրենց լուծումները ստանան:
«Քվեարկելու եմ այդ խնդիրների լուծման ակնկալիքով: Իրապես հավատացեք, լրիվ մեկ է, թե ով է լինելու քաղաքապետ, հատկապես վերջին շրջանի քաղաքական իրավիճակում: Քաղաքապետը համակարգող ֆունկցիա է, պարտավորություններ: Այդ պարտավորությունները, բնականաբար, համամիտ եմ, պետք է վերահսկվեն»,- ասաց նա։
Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշեց, որ ցանկանում է Երևանը տեսնել օրինապաշտ մի միավոր, օրենքի գերակայությունն ամենագլխավոր խնդիրն է, իսկ օրենքով կարգավորվում են բազմաթիվ հարցեր, այսօր այդ օրենքների խախտման պատճառով ընթանում են բոլորովին այլ ճանապարհով։ Որպես երկրորդ քայլ, ցանկանում է, որ ջանքեր գործադրվեն ու Երևանի դիմագիծն այլանդակող կառույցները կամաց-կամաց վերանան։
«Մեկ օրվա գործ չէ, դժվար գործ է»,- հավելել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ուսուցչին պետք է դարձնել ամենակարևոր մարդկանցից մեկը. Ռեժիսոր
- Հարուստ պատմություն ունենալը քեզ պարտավորեցնում է. Ռուբեն Բաբայան