ՄԻՊ-ն օրվա ընթացքում ստացել է 46 ահազանգ
Սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ավագանու ընտրության օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ժամը 21:30‑ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 46 ահազանգ:
ՄԻՊ աշխատակազմի հաղորդմամբ, պաշտպանի հրամանով ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրել է այսօր լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղ գտած ավելի քան 1000 հրապարակում:
Աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգերից 16-ը վերաբերել է Երևանում 6 ամսից պակաս հաշվառում ունենալուն և ընտրություններին մասնակցելու հնարավորություն չունենալուն, 12 ահազանգը՝ հաշմանդամություն ունեցող անձանցընտրական իրավունքի ապահովմանը, այդ թվում՝ ընտրատեղամասերի անմատչելիությանը։
Ահազանգներ են ստացվել նաև նույնականացման քարտով ընտրելու հնարավորության, իրազեկման թերթիկ չստանալու և այլնի վերաբերյալ:
Բոլոր դեպքերով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը քաղաքացիներին տրամադրել է խորհրդատվություն։ Ստացվել է մեկ ահազանգ, որն առանչվել է սահմանված ժամից ավելի Ոստիկանության բաժնում անձին պահելու հետ. այս հարցով նախաձեռնված է քննարկման ընթացակարգ, որի մասին մեր նախորդ հայտարարություններով տեղեկացվել է:
Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում արձանագրված հրապարակումները վերաբերել են տեղամասերի կահավորմանը, հանձնաժողովների անդամների վարքագծին և այլն: Արձանագրվել են քվեարկության գաղտնիության ապահովման խնդիրներ, մասնավորապես՝ քվեաթերթիկների լուսանկարահանման և տարածման դեպքեր: Արձանագրվել են նաև տեղամասերի մոտակայքում կուտակումների և ընտրողների ուղղորդման դեպքեր, ընտրակաշառքի առնչվող գործով բնակարանում խուզարկություն իրականացնելու (ըստ հրապարակման՝ անհիմն) վերաբերյալ հրապարակումներ:
Առանձին ուշադրություն է դարձվել լրագրողների և դիտորդների աշխատանքի հնարավոր խոչընդոտների մասին տեղեկություններին:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ թեժ գծին ժամը 18։00-ի դրությամբ ստացվել է 39 ահազանգ
- Քաղաքացու հաղորդմամբ՝ ընտրողներին կաշառք տալու կասկածանքով ինքը բերման էր ենթարկվել
- ՄԻՊ. Քվեարկած թերթիկը լուսանկարելու ու տարածելու համար նախատեսված է 100-200 հազար դրամ տուգանք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան