Լռության օրը հստակ հակաքարոզչություն է իրականացվել ԲՀԿ հանդեպ. Նաիրա Զոհրաբյան
«Երեկ տեղի ունեցավ Ընտրական օրենսգրքի կոպտագույն խախտում, հրավիրվեց ասուլիս Դանիել Իոննիսյանի կողմից, ով, ի դեպ, հստակ շահերի բախում ունի որովհետև կառավարության Ընտրական օրենսգրքի աշխատանքային խմբի քարտուղարն է»,- 4/35 ընտրատեղամասում նախքան քվեարկությունը ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։
Նա նշեց, որ այսօր դիմելու են վարչական դատարան՝ Դ. Իոննիսյանի գործողությունները վիճակելու համար. «Մենք իրավական դաշտում հետամուտ ենք լինելու, մեր իրավաբանները պարոն Իոննիսյանի դեմ նախապատրաստում են վարչական վարույթ»։
Ն. Զոհրաբյանի խոսքով, Դ.Իոննիսյանն ասել է, որ խախտվել է Հարկային օրենսգիրքը, ֆլեշմոբի համար պետք է տուրք վճարեին։
«Լռության օրը հստակ հակաքարոզչություն է իրականացվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանդեպ»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը։
Ինչ վերաբերում է երեկ ԲՀԿ Աջափնյակի գրասենյակի խուզարկությանը, նա ասաց. «Քարոզարշավի 12 օրերի ընթացքում կազմակերպված ձևով, մոտավորապես մեր 300-ից ավելի ակտիվիստները պարբերաբար հրավիրվել են Երևանի տարբեր ոստիկանական բաժանմունքներ, ասելով, որ ահազանգ կա, որ դուք անօրինական գործողություն եք կատարում, կաշառք եք բաժանում։ Որևէ ահազանգ չի հաստատվել, իրենք այդպես էլ չկարողացան ներկայացնել մեկ անձի, ով ընտրակաշառք է բաժանում, չեն էլ կարողանալու այն պարզ պատճառով, որ չկա ընտրակաշառք, չի լինելու ընտրակաշառք սիրելի, հարգելի Հայաստանի հպարտ ոստիկանապետ։ Դիմում եմ ձեզ՝ կամ ներկայացնում եք կոնկրետ մեկ փաստ, որը չեք կարողանա ներկայացնել, որովհետև չկա, կամ ես խնդրելու եմ ձեզ, որ քրեական պատասխանատվության ենթարկեք սուտ մատնության հոդվածով բոլոր այն անձանց... Իսկ ես, չգիտեմ, վստահ եմ, որ այդպիսի անձիք գրեթե չեն եղել, որևէ կեղծ ահազանգ չի եղել։ 12 օր դուք փորձեցիք անորսալի Ջոյի նման փնտրել, գտնել ինչ որ մեկին, որ ԲՀԿ անունից ընտրակառք է բաժանում։ Հիմա էլ եմ ասում՝ չեք կարողանալու գտնել ոչ թե այն պատճառով, որ վատ եք աշխատում, փայլուն եք աշխատում, այլ այն պատճառով, որ չկա ու չի կարող լինել։ Ես ինքս եղել եմ տարբեր ոստիկանական բաժանմունքներում, շարքային ոստիկաններն ասում էին՝ հասկանում ենք, տիկին Զոհրաբյան, տակը ոչինչ չկա, բայց մեզ ասում են ահազանգ կա, մենք որպես մեր գործի պրոֆեսիոնալ, պարտավոր ենք ահազանգել»։
Նա հորդորեց ոստիկանապետ Վ. Օսիպյանին քրեական պատասխանտվության ենթարկել այն անձանց, ովքեր եղել են կեղծ ահազանգերի հետևում. «Կամ դուք դա անում եք, կամ սպիպված ենք լինելու արձանագրել, հարգարժան ոստիկանապետ, որ ձեր գործողություններում կա հստակ ուղղորդվածություն ԲՀԿ-ի հանդեպ, բնականաբար, առաջանելու է հարց՝ իրավունք ունեք շարունակելու ձեր գործունեությունը որպես ոստիկանապետ, թե ոչ, որովհետև չեք արձագանքել կեղծ ահազանգերին։ Շատ օպերատիվ արձագանքում եք իբր ահազանգերին, բայց պատասխանատվության ենթարկել կեղծ ահազանգերի, սուտ մատնության համար, այս պահին որևէ մեկը չկա»։
Ն. Զոհրաբյանը նշեց, որ միանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորին, նորից համերաշխության ձեռք են մեկնում բոլոր քաղաքական ուժերին, այսօր բոլորին ցանկանում է արդար մրցապայքար, հույս ունի, որ չի կիրառվելու վարչական ռեսուրս, որևէ ընտրողի ազատ կամքի վրա չի լինելու ճնշում։
«Հույս ունեմ, որ Երևանի ընտրությունը չի տեղափոխվելու իշխող կուսակցության վստահության հանրաքվեի, ինչպես իրենք ամբողջ քարոզարշավի օրերի ընթացքում արեցին։ Մենք պատրաստ ենք բոլորի հետ աշխատել համերաշխության մթոլորտում, բոլորի հետ կառուցել նոր Հայաստանը»,- ասաց քաղաքապետի թեկածուն։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին