Երևանում առաջին հերթին պետք է լուծել ոչ թե աղբահանության, այլ բնակֆոնդի խնդիրը. Վահագն Խաչատրյան
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ Երևանում աղբահանության, հասարակական տրանսպորտի և կանաչապատման խնդիրներն առաջնային չեն:
«Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցած քննարկման ժամանակ Երևանի նախկին քաղաքապետն ասաց, որ այսօր ամենակարևոր խնդիրը բոլորի համար ապրելու, հնարավորություն ստեղծելու խնդիրն է:
«Այսինքն՝ ինչքանով է քաղաքացին ապահով, երբ գտնվում է իր բնակարանում: Խնդիրը սրանում է: Որքանով հետևել եմ քարոզարշավին, որքանով նայել եմ քաղաքակա ուժերի ծրագրերը, որևէ մեկը չի անդրադարձել, թե ինչ է լինելու Երևանի բնակֆոնդի հետ»,- ասաց Վահագն Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ Երևանում ունենք թաղամասեր, որոնց շենքերի մաշվածությունը հարյուր տոկոս է: Ըստ նրա՝ 1960-ականներին կառուցված շենքերը նախատեսված էին 25-30 տարվա համար, առավելագույնը՝ 40 տարվա, բայց այդ ժամկետը վաղուց անցել է և այդ շենքերը պետք է քանդվեն և նորերը կառուցվեն:
Վահագն Խաչատրյանը նշեց՝ այն քաղաքական ուժը, որը կստանձնի առաջիկա հիմգ տարիներին Երևանի կառավարման պատասխանատվությունը, պետք է աշխատանքի առաջին օրվանից այս հարցը դարձնի համար առաջին:
Ըստ նրա՝ խոսքը միայն Աջափնյակ վարչական շրջանի մասին չէ, խնդիրն առկա է Սարի թաղում, Նորագյուղում, որտեղ կառուցապատման որևէ նախագիծ չկա, պարզապես մարդիկ եկել են այդտեղ տուն կառուցել ու ապրել, բայց չունեն համապատասխան թույլտվություն, փաստաթղթեր և այլն:
«Իրականում, մեր հարստությունը Երևանում բնակֆոնդն է, այլ ոչ թե տրանսպորտն ու կանաչ տարածքը»,- ասաց նա՝ հավելելով, որ այս խնդիրը տարբեր ժամանակներում փորձել են տարբեր ձևերով լուծել, բայց հիմա պատճառաբանում են՝ ֆինանսական միջոցներ չկան:
«Նույն ձևով մեզ բացատրում են, որ համապատասխան ֆինանսական միջոցներ չկան, և երևանցինե´ր, տառապեք այսօրվա գոյություն չունեցող տրանսպորտային միջոցներով: մետրոյի երկու կայարանի համար միջոցներ չկա, որը Աջափնյակ թաղամասը կկապեր Երևանի կենտրոնի և մյուս թաղամասերի հետ: Այսինքն՝ ցանկացած ժամանակ ասում են, որ միջոցներ չկան, բայց մեկ էլ տեսնում ես դրոշակների, ծաղիկների, ինչ-որ միջոցառումների, կոնյակների համար քաղաքային բյուջեում գումար կա»,- նշեց Վահագն Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ 80 մլրդ դրամի եկամուտներ ունի քաղաքային բյուջեն, նույնքան էլ ծախսեր, որից տեղական եկամուտները կազմում են շուրջ 20 մլրդ-ից ավելի, իսկ մնացածը սուբսիդավորվում է: «Դա նշանակում է, որ քաղաքային իշխանությունն ընդհանրապես խնդիր չի դրել, որ բյուջեն մեծանա, որ սուղ միջոցները մեծանան: Կա երկրորդ տարբերակը. ստվերային բյուջե գոյություն ունի, որի լավագույն օրինակը «Երևան» հիմնադրամն է և տեսանք, թե ինչեր են կատարվում»,- ընդգծեց տնտեսագետը:
Վահագն Խաչատրյանը նշեց նաև, որ ընդհանրապես Երևանում քաղաքային տնտեսության կառավարում չի իրականացվել:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին