Քվեարկել եմ հանուն երևանցու, բարեկեցիկ, կանաչապատ Երևանի. քաղաքապետի ՀՅԴ թեկնածու
«Ես առաջին հերթին քվեարկել եմ հանուն երևանցու, երիտասարդության, բարեկեցիկ, կանաչապատ Երևանի, հանուն մեր ժողովրդի համերաշխության և միասնականության»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը։
Հարցին՝ ինչպես կգնհատի քարոզարշավի ընթացքը՝ Մանուկյանը պատասխանեց՝ բավարար։
«Մի քիչ քաղաքականացվեցին ընտրությունները, գնացին ավելի դեպի համապետական կամ վարչապետին սատարելու ուղղությամբ։ Վարչապետի մասնակցությունն իր ուղղությունից, ավագանու ընտրություններից շեղեց ընթացքը։ Վարչապետի մասնակցությունը քաղաքականացրեց այս ընտրությունները, նա խնդիր դրեց, որ դա իր վստահության քվեն է։ Բնական է, ընտրությունները քաղաքական են, բայց եթե խոսվում է, որ վարչական լծակներ չպիտի օգտագործվեն, արդյոք վարչապետի այդ մասշտաբի մասնակցությունը վարչական լծակի օգտագործում չէ՞»,- նշեց քաղաքապետի թեկնածուն՝ հավելելով, որ թեպետ իրենց ուժի նկատմամբ ճնշումներ չեն եղել, սակայն իր անձի նկատմամբ ի սկզբանե թիրախավորումներ եղել են, ում կողմից՝ հայտնի չէ։
«Երբ հայտնի դարձավ, որ ես եմ թեկնածուն, պատմություններ հիշեցին, որ ինձ հետ ընդհանրապես կապ չունեին։ Մի պահ ասեցին, որ դուրս եմ եկել ընտրապայքարից։ Այսպիսի մանր-մունր բաներ եղան»,- նշեց Միքայել Մանուկյանը։
Հարցին՝ ընտրակաշառքների մասին տեղեկություններ ունի՞, ՀՅԴ քաղաքապետի թեկնածուն նշեց. «Խոսակցություններ կան՝ եղել են։ Երեկ էլ այդ մասին էլի խոսվեց։ Բայց ինչ որ երեկ կատարվեց... Ըստ հավաստի լուրերի՝ ոստիկանությունը չի կարող այդպիսի գործողություններ կատարել։ Մի քիչ ավելի պրոֆեսիոնալ պետք է լինի, կարծում եմ։ Վերջիվերջո կուսակցություն գրասենյակ է։ 80 հոգով շրջապատել գրասենյակը, վերջում ասել՝ ոչինչ չգտանք, ճիշտ չէ։ Ավելի լուրջ պետք է մոտենալ գործին»։
Լրագրողները Միքայել Մանուկյանից նաև հետաքրքրվեցին՝ ընտրություններից ինչ ակնկալիքներ ունի, քաղաքապետի թեկնածուն շեշտեց՝ ՀՀ քաղաքացին այսօր բարձր ինքնագիտակցություն ունի և կքվեարկի խղճի մտոք։
Իսկ չի՞ համարում, որ Նոր Նորք վարչական շրջանում սեպտեմբերի 21-ին ազգաբնակչությանը խորոված հյուրասիրելով՝ ՀՅԴ-ն անուղղակի ընտրակաշառքի դիմեց, Միքայել Մանուկյանն ասաց. «Համաձայն եմ, ուղղակի այդ պահը համընկավ ընտրությունների հետ։ Դա քարոզարշավ չէր։ Այնտեղ վարչական շրջանի մեր կառույցի կողմից տոնվում էր Անկախության օրը»։
Քաղաքապետի թեկնածուն տեղեկացրեց՝ այլ թեկնածուի հաղթելու դեպքում ինքը պատրաստ է աշխատել Երևանի ավագանիում՝ գլխավորելով ՀՅԴ խմբակցությունը։
Իսկ հնարավո՞ր է՝ ՀՅԴ-ն հաղթող ուժի հետ հետագայում ավագանիում կոալիցիա կազմի հարցին էլ Մանուկյանը պատասխանեց՝ դա քննարկումների առարկա է, որից հետո էլ վերջնական որոշում կկայացվի։
«Մենք կայուն ռեսուրս ունենք։ Ահազանգեր չենք ստացել, այս պահի դրությամբ ամեն ինչ իր բնականոն հունով, նորմալ գնում է»,- ամփոփեց քաղաքապետի ՀՅԴ թեկնածուն։
Հարակից հրապարակումներ`
- Լռության օրը հստակ հակաքարոզչություն է իրականացվել ԲՀԿ հանդեպ. Նաիրա Զոհրաբյան
- Շահգելդյան. Ակնկալում ենք, որ ՕԵԿ-ը կլինի ավագանու կազմում ընդգրկվելիք երեք ուժերից մեկը
- Րաֆֆի Հովհաննիսյան. Հուսով եմ՝ երևանցին կքվեարկի խղճի մտոք
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին