Թիվ 8 ընտրատարածքում հանգիստ ընտրություններ են, ոչ մի խախտում չկա. Նորիկ Երանյան
Դիտորդական առաքելություն իրականացնող «Անկախ դիտորդ» դաշինքը ժամը 11:15-ի դրությամբ գրանցված մի շարք ընտրախախտումների մասին հայտարարություն է տարածել։
Ըստ այդ խախտումներից մեկի՝ Շենգավիթ վարչական շրջանի թիվ 75 դպրոցում տեղակայված 8/40 ընտրատեղամասի դիմաց առավոտյան ժամը 8:00-ից սկսած՝ առանց պետհամարանիշերի սև գույնի մեքենա է կայանված եղել: Մեքենայի շուրջ հավաքված արական սեռի ներկայացուցիչները ցրվել են, երբ նկատել են դիտորդին, կարճ ժամանակ անց դարձյալ հավաքվել են: Նույն դպրոցում տեղակայված 8/39 ընտրատեղամասում էլ արձանագրվել է ընտրողների ուղղորդման դեպք։ Նկատել են դեպքեր, երբ ընտրողները դուրս են եկել տեղամասից և մոտեցել են վերոնշյալ առանց պետհամարանիշերի ավտոմեքենային:
Panorama.am-ի թղթակիցը զրուցեց թիվ 8 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Նորիկ Երանյանի հետ՝ պարզելու վերջինս տեղյա՞կ է այդ միջադեպերից։ «Այս տեղեկությունն առաջին անգամ ձեզնից եմ լսում։ Մեզ ոչ մեկ ոչ մի բան չի ասել։ Մինչև հիմա մեր ընտրատարածքում նորմալ, հանգիստ ընտրություններ են կայանում, ոչ մի խախտում և բողոք չկա»,- ասաց նա։
Ավելի ուշ Նորիկ Երանյանը զանգահարեց մեր խմբագրություն՝ նշելով, զանգից հետո եղել է թիվ 75 դպրոցում տեղակայված 8/39 և 8/40 ընտրատեղամասերում։ Առանց պետհամարանիշի մեքենա 12։15-ի դրությամբ այնտեղ արդեն իսկ չի եղել, մարդկային կուտակումներ՝ նույնպես։
Նորիկ Երանյանից նաև հետաքրքրվեցինք՝ տեղեկություններ ունի՞ այն մասին, որ ըստ դիտորդների տարածած տեղեկությունների՝ գաղտնիության խախտում է արձանագրվել նաև 8/15 տեղամասում։ Մասնավորապես, դիտորդները հայտնել են, որ տեղամասի բացումից հետո մոտ 30 ծրարի վրա հանձնաժողովի անդամի կողմից կնիք է դրվել։
Մեր զրուցակիցը նշեց, որ այս մասին տեղեկություններ չունի, սակայն պատրաստվում է այցելել նշված ընտրատեղամաս՝ տեղում պարզելու՝ արդյոք նման բան եղել է, թե ոչ։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանությունում ստացվել է 10 ահազանգ
- Ժամը 11-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է քաղաքացիների 9,39 տոկոսը. ԿԸՀ
- «Անկախ դիտորդ». Հանձնաժողովի անդամներից մեկը քարոզչություն է կատարել «Իմ քայլը» դաշինքի օգտին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին