Ավագանու ընտրություններում պարզ է դառնալու ուժերի հարաբերակցության պատկերը. Հակոբ Բադալյան
«Երևանի ավագանու ընտրությունների առաջնային ազդեցությունն այն է, որ պարզ է լինելու քաղաքական նոր իրավիճակում ուժերի հարաբերակցության պատկերը։ Մոտավորապես, պարզ կլինի, թե քաղաքական նոր ստատուս քվոն ինչ ազդեցություն ունի տոկոսների առումով»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ հավելելով, որ այս ընտրություններն իրավիճակին առավելագույնս մոտ առաջին հնարավորությունն են։
«Իհարկե, իր դերը խաղալու է թավշյա հեղափոխության՝ դեռևս չավարտված պրոցեսը, և սա իր հետքն է թողնելու թե հասարակական տրամադրությունների, թե դրանց արտահայտման վրա։ Բայց դա բնական վիճակ է։ Միաժամանակ, հասկանալի է, որ դասական քաղաքական պայքարի փուլին կհասնենք երբ տեղի կունենան ԱԺ ընտրությունները։ Սա միջանկյալ քաղաքական գործընթաց է, բայց պետք է հասկանալ, որ երբ համապետական իշխանությունը դեռևս ձևավորված չէ, հասկանալի է, որ քաղաքական իշխանության ձևավորումը ենթակա է լինելու հենց այդ պրոցեսին։ Ես մի առիթով ասել եմ՝ Երևանն է Հայաստանի մեջ, ոչ թե Հայաստանը՝ Երևանի մեջ, հետևաբար, եթե Հայաստանում իշխանություն ձևավորված չէ, Երևանում իշխանության ձևավորումը չի կարող այդ խնդրին ենթակա չլինել»,- ասաց քաղաքական մեկնաբանը։
Ասուլիսին ներկա քաղաքագետ Էդգար Վարդանյանն իր հերթին նշեց, որ եթե «Իմ քայլը», դաշինքը հավաքի ձայների մեծամասնությունը և կարողանա դառնալ քաղաքային իշխանություն, դա էլ հենց կնշանակի քաղաքական հաղթանակ։
««Իմ քայլը» կարողացավ իրեն ներկայացնել որպես հեղափոխական քաղաքական խումբ, որի ղեկավարը, լիդերը, կոորդինատորը ՀՀ վարչապետն է։ Եթե դաշինքի ցուցանիշը 60 տոկոսից բարձր լինի, բնականաբար ավելի լուրջ պոտենցիալի մասին կխոսի։ Բայց նույնիսկ ավելի ցածր ցուցանիշը լուրջ ցուցանիշ է առ այն, որ հանրությունն աջակցում է Նիկոլ Փաշինյանի թիմին»,- ասաց նա։
Քաղաքագետի խոսքով, ավագանու ընտրություններն արտացոլում են հանրային դիսկուրսները՝ հեղափոխություն-հակահեղափոխություն, արդար խաղի կանոնների հաստատում և այլն։
«Սևի ու սպիտակի բաժանումը շատ կոնկրետ խնդրի է առնչվել։ Այսօր կան որոշակի շրջանակներ, որոնք ամեն առիթով փորձում են հարված հասցնել հեղափոխությանը, որ հեղափոխություն անողների վարկանիշն ընկնի։ Այդ խումբը պայմանական սև է, իսկ սրտացավները սպիտակ ուժեր են»,- ասաց բանախոսը։
Հակոբ Բադալյանն իր հերթին նշեց, որ հակահեղափոխության մասին խոսակցությունները մի փոքր չափազանցված են։
«Հակահեղափոխության վտանգը չափազանցված է, ես չեմ տեսնում, մեկ ուժ, որն իր մեջ կրում է հակահեղափոխությանը վերագրվող բոլոր շահերն ու հետաքրքրությունները»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Թեժ գծին» ժամը 12:00-ի դրությամբ ստացվել է 11 հեռախոսազանգ
- «Անկախ դիտորդ». «Իմ քայլ»-ի վստահված անձինք պիցցաներ են տանում տեղամասեր
- ՄԻՊ. Քվեարկած թերթիկը լուսանկարելու ու տարածելու համար նախատեսված է 100-200 հազար դրամ տուգանք
- Ոստիկանությունում ստացվել է 10 ահազանգ
- Ժամը 11-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է քաղաքացիների 9,39 տոկոսը. ԿԸՀ
- «Անկախ դիտորդ». Հանձնաժողովի անդամներից մեկը քարոզչություն է կատարել «Իմ քայլը» դաշինքի օգտին
- Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է