Մալդիվներում ոստիկությունը ոչնչացրել է բացառիկ ստորջրյա քանդակներ
Մալդիվների իշխանությունները ոչնչացրել են բացառիկ ստորջրյա քանդակներ, որոնց հեղինակը բրիտանացի քանդակագործ Ջեյսոն Թեյլորն է։ news.mail.ru-ն, հղում անելով Ալ Ջազիրային, գրում է, որ քանդակները ոչնչացրել է տեղի ոստիկանությունը։ Դրանք համարել են իսլամին հակասող։
Միջադեպը տեղի է ունեցել Մալդիվների նախագահի ելույթից անմիջապես հետո` նոր նախագահական ընտրությունների նախօրեին։ Նա հայտարարել է «Արևմուտքի աջակցությունն ունեցող ընդդիմության դավադրության մասին»։
Քանդակները եղել են «Կորալլարիում» թանգարանի մասը, որը բացվել էր այս ամառ «Fairmont» հյուրանոցից ոչ հեռու։ Դա աշխարհում միակ թանգարանն է, որը կիսով չափ ընկղմված է ջրի մեջ։
Թանգարանը ստեղծվել է, որպեսզի հասարակության ուշադրությունը սևեռեն ծովային բազմազանության պահպանության վրա։
«Ես ցնցվել եմ և ցավում եմ՝ իմանալով, որ իմ քանդակները ոչնչացվել են մալդիվյան իշխանությունների կողմից՝ չնայած շարունակական խորհրդակցություններին և երկխոսությանը»,- սոցիալական կայքի իր էջում գրել է քանդակագործը։