
Նորընտիր ավագանին առաջին նիստը կհրավիրի հոկտեմբերի 10-ին
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներն արդեն հայտնի են։ Նախնական տվյալների համաձայն, 65 անդամից բաղկացած ավագանիում «Իմ քայլը» կունենա 56 մանդատ, ԲՀԿ-ն՝ հինգ, «Լույս»-ը՝ չորս։
Կենտրոնական ընտրական հանձնաժողոն ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի քվեարկությունից հետո յոթերորդ օրը՝ սեպտեմբերի 30-ին։
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքը սահմանում է, արտահերթ ընտրությունից հետո նորընտիր ավագանու նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 10-րդ օրը, այսինքն հոկտեմբերի 10-ին։
Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի համաձայն, նորընտիր Ավագանու լիազորությունների ժամկետը սկսվում է առաջին նիստի գումարման պահից: Այդ պահից ավարտվում է նախորդ Ավագանու լիազորությունների ժամկետը:
Ավագանու մարմիններն են՝ Քաղաքապետը, նրա առաջին տեղակալը, Ավագանու անդամները, Ավագանու խմբակցությունները և մշտական հանձնաժողովները: