Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Ն. Փաշինյանը կարևորել է ՀՀ կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության միջև սերտ և ամուր համագործակցությունը` ՄԱԿ-ի հռչակած արժեքների պաշտպանության և ամրապնդման գործում: Վարչապետն ընդգծել է, որ երկկողմ արդյունավետ փոխգործակցությունը նպաստում է մեր երկրում տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանն ու հույս հայտնել, որ այդ ծրագրերը ոչ միայն կկրեն շարունակական բնույթ, այլ նաև կստանան նոր ազդակներ: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է ՄԱԿ-ի և դրա կառույցների աշխատանքներում և հավելել, որ ՄԱԿ-ի թիրախային հետագա աջակցությունը Հայաստանին կխթանի և կամրապնդի Հայաստանի զարգացման ներուժը։
Անտոնիո Գուտերեշը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա: Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Հայաստանում իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթացը փայլուն օրինակ է և հույս հայտնել, որ երկիրը կընթանա վերընթաց զարգացման ճանապարհով` իրականացնելով նորանոր բարեփոխումներ տարբեր ուղղություններով:
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ և կարևորել այնպիսի բարեփոխումների իրականացումը, որոնք նույնիսկ տեխնիկապես կբացառեն ընտրախախտումների հնարավորությունները: Այդ համատեքստում, Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՄԱԿ-ի կողմից տեխնիկական աջակցության շարունակական անհրաժեշտությունը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Գլխավոր քարտուղարին` ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերին լիակատար աջակցություն ցուցաբերելու համար: