Չի բացառվում, որ հակաիրանական ծրագրված գործողությունը ղեկավարվում է ԱՄՆ-ից. Վարդան Ոսկանյան
Սեպտեմբերի 22-ին Իրանի հարավային Ահվազ քաղաքում զինվորական շքերթի ժամանակ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնեցին «Իսլամական պետություն» և Ալ-Ահվազիա ծայրահեղական խմբավորումները։ Հատկանշական է, որ հատկապես վերջինն ընդգծված հակաիրանական դիրքորոշում ունի և հովանավորվում է արտաքին ուժերի կողմից։
Ահաբեկչությունից անմիջապես հետո հետևեց Իրանի նախագահ Հասան Ռուհանիի այն հայտարարությունը, որ անգամ ԱՄՆ ճնշումների ներքո Թեհրանը չի հրաժարվի իր միջուկային ծրագրից։
Ռոհանին նաև շեշտեց, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակի Իրանի հետ հակազդեցությունը, ապա Սադամ Հուսեյնի նման պարտություն կկրի։ Փաստացի, Իրանի ղեկավարը բաց տեքստով ակնարկեց, որ ԻՊ-ը գործում է արտաքին ուժերի՝ մասնավորապես ԱՄՆ-ի ուղիղ հրահանգով։
Panorama.am-ի թղթակիցը թեմայի շուրջ զրուցեց իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ, ով նշեց, որ թեև ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել են միանգամից երկու խմբավորումներ, սակայն դատելով առկա տեղեկատվությունից՝ Իրանում ահաբեկչության կազմակերպման հարցում գործ ունենք առավելապես Ալ-Ահվազիա ահաբեկչական խմբավորման հետ։
«Առաջին դեպքը չէ, որ այս խմբավորումն Իրանի հարավում նման գործողության է դիմում։ Ժամանակին Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնի, այժմ էլ տարածաշրջանից դուրս ուժերի կողմից աջակցություն ստացող այս ցանցային կազմակերպությունը նպատակ ունի ներսից սասանելու Իրանը։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա ակնհայտ է, որ շատ դեպքերում այս երկիրը կանգնած է հակաիրանական կոալիցիայի ակունքներում և ձգտում է նման կոալիցիա ստեղծել»,- նշեց մեր զրուցակիցը։
Վարդան Ոսկանյանը շեշտեց, որ Իրանի հարավում ահաբեկչություն իրականացրած Ալ-Ահվազիա ահաբեկչական խմբավորումը նաև սերտ կապեր ունի Ատրպատականի խնդրով զբաղվող պանթյուրքիստական անջատողական ուժերի հետ։
«Մենք իրականում գործ ունենք հակաիրանական ծրագրված գործողության հետ, որը, չի բացառվում, որ ղեկավարվում է արտատարածաշրջանային խոշոր ուժի կողմից, ինչպիսին կարող է լինել Միացյալ նահանգները։ Իրանցիները շատ լավ տիրապետում են տարածաշրջանի իրավիճակին և հսկայական տեղեկատվություն ունեն նման անջատողական խմբավորումների մասին։ Այս համատեքստում իրանական կողմի հայտարարությունը, կարծում եմ, արժանահավատ է։ Միաժամանակ, այդքան էլ պարզ չէ այս ահաբեկչությունից հետո ԱՄՆ-ի արձագանքը, մինչդեռ այդ երկիրը պետք է խստորեն դատապարտեր նման գործողությունը»,- ասաց Վարդան Ոսկանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի նախագահը Թրամփի համար Հուսեյնի ճակատագիրն է կանխատեսել
- ԻՊ-ն ստանձնել է Իրանում ահաբեկչության պատասխանատվությունը
- Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին
- Իրանում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվն ավելացել է
- Ահաբեկչություն՝ Իրանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան