Արմեն Սարգսյանը Մտքերի գագաթնաժողովին հանդես է եկել որպես գլխավոր բանախոս
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շամոնի քաղաքում մասնակցել է ամենամյա Մտքերի գագաթնաժողովին (Summit of Minds) և հանդես եկել որպես գլխավոր բանախոս։
ՀՀ նախագահի աշխատակազմի փոխանցմամբ, անմիջական մթնոլորտում կառուցողական քննարկում է ծավալվել համաշխարհային տնտեսության զարգացման միտումների, ներդրումային հնարավորությունների և ժամանակակից աշխարհի մարտահրավերների, առաջնորդության և ռազմավարական որոշումներ կայացնելու շուրջ։ Նախագահ Սարգսյանի մոտեցումներն ու առաջ քաշած գաղափարները ջերմորեն են ընդունվել մասնակիցների կողմից։
Հանրապետության նախագահը գագաթնաժողովի կազմակերպիչների հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերել նման համաժողով Հայաստանում անցկացնելու վերաբերյալ, մասնավորապես՝ առողջ ապրելակերպի, զբոսաշրջության, գյուղատնտեսական մթերքների վերամշակման և այլ ոլորտներում:
Ըստ աղբյուրի, մտքերի գագաթնաժողովի (Summit of Minds) շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 23-ին աշխատանքային նախաճաշ է ունեցել Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև երկու տասնյակից ավելի հայտնի ընկերությունների, հիմնադրամների, կազմակերպությունների ու բանկերի ( այդ թվում՝ ամերիկյան Google, Nasdaq, Cargyll, McKinsey, Revolution, շվեյցարական Nestlé, Pictet և Lombard Odier, ֆրանսիական Groupe Accor, Publicis, OneRagtime, Société Générale, ռուսական «Ալֆա բանկ», բրիտանական Bridgepoint և Kleinwort Hambros) ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ:
Հանրապետության նախագահը նրանց հետ քննարկել է հայաստանյան բիզնես միջավայրին, ինչպես նաև ներդրումների ներգրավմանն ու գործարար կապերի ստեղծմանը վերաբերող հարցեր։ Նախագահ Սարգսյանը ներկայացրել է մեր երկրի մրցակցային առավելություններն՝ ընդգծելով նրա կամրջող դերը Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև, որը օտարերկրյա գործարարների և ներդրողների առջև բացում է նոր ու լուրջ հնարավորություններ։ Զրույցի ընթացքում սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում ծրագրեր իրականացնելու վերաբերյալ։
Նախագահ Սարգսյանը հանդիպում-զրույց է ունեցել նաև երկու հեղինակավոր պարբերականների՝ բրիտանական The Financial Times և ֆրանսիական Les Echos թերթերի ղեկավարության հետ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները