Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կիպրոսի և Ռուանդայի նախագահներին
ՄԱԿ-ի կենտրոնակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ:
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-կիպրական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը և գոհունակություն հայտնել երկկողմ քաղաքական համագործակցության բարձր մակարդակից: Վարչապետն անհրաժեշտ է համարել տնտեսական ոլորտում կապերի խորացումն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացումը:
Նիկոս Անաստասիադիսը ջերմորեն է խոսել Հայաստանի և հայ ժողովրդի մասին ու ընդգծել, որ մեծապես կարևորում է երկկողմ գերազանց բարեկամական կապերի հետագա խորացումն ու ընդլայնումը:
Հայաստանի վարչապետը և Կիպրոսի նախագահն առևտրատնտեսական կապերի ընդլայնման գործում անհրաժեշտ են համարել բիզնես ֆորումի անցկացումն ու այդ ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացումը:
Հայ-կիպրական փոխգործակցության խթանման գործում կողմերը կարևորել են Կիպրոսի հայ համայնքի դերը և համոզմունք հայտնել, որ այն կարող է կամուրջ հանդիսանալ հատկապես տնտեսական փոխգործակցությունը զարգացնելու հարցում: Նիկոլ Փաշինյանը և Նիկոս Անաստասիադիսը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության և կիպրական խնդրի կարգավորմանն ուղղված հարցեր ու կարևորել խաղաղ բանակցությունների միջոցով հիմնախնդիրների լուծումը: Զրուցակիցներն առանձնակի կարևորել են նաև միջազգային տարբեր հարթակներում համագործակցությունը:
Նիկոս Անաստասիադիսը վարչապետ Փաշինյանին հրավիրել է այցելել Կիպրոս իրեն հարմար ժամանակահատվածում:
ՄԱԿ-ի կենտրոնակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել նաև Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեյի հետ:
Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Փոլ Կագամեյը համոզմունք են հայտնել, որ գագաթաժողովը նոր էջ կբացի Հայաստանի ու կազմակերպության անդամ հանդիսացող աֆրիկյան երկրների, այդ թվում` Ռուանդայի հետ հարաբերություններում և կնպաստի համագործակցության զարգացմանն ու խորացմանը:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկկողմ կապերի որակական նոր մակարդակի բարձրացումը և այդ ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկումը: Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը կանցնի բարձր մակարդակով ու կնպաստի կազմակերպության անդամ երկրների միջև տարբեր ոլորտներում կապերի սերտացմանն ու ամրապնդմանը:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է նաև, որ գագաթաժողովի շրջանակում անցկացվելու է տնտեսական ֆորում և ռուանդացի գործարարներին հրավիրել այդ միջոցառմանը: