Մեկնարկում է «Թատերական Լոռի» 24-րդ միջազգային թատերական փառատոնը
Այսօր ՀՀ Լոռու մարզի Վանաձոր, Ալավերդի, Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում և հարակից գյուղական բնակավայրերում, ինչպես նաև ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում կմեկնարկի «Թատերական Լոռի» 24-րդ միջազգային թատերական փառատոնը` նվիրված Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին:
Բացման արարողությունը տեղի կունենա Դսեղում` պոետի տուն թանգարանի բակում, այնուհետև Ալավերդու Սանահինի պատմական կամրջի մոտ տեղի կունենա հուշաքարի բացման արարողությունը, Ալավերդու մշակույթի կենտրոնում Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնը կներկայացնի Հ. Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացումը:
Մշակույթի նախարարության տեղեկացմամբ, փառատոնին կմասնակցեն ՀՀ-ում գործող պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ թատրոններ, թատերախմբեր՝ Վրաստանից, ՌԴ-ից, Ֆրանսիայից, Ճապոնիայից: Փառատոնի օրերին ճանաչված դերասանների և ռեժիսորների մասնակցությամբ բուհերում, դպրոցներում, կրթական այլ հաստատություններում կկազմակերպվեն հանդիպումներ, ինչպես նաև տեղի կունենան ճանաչված արվեստագետների` Հակոբ Ազիզյանի, Յուրի Երզնկյանի, Երվանդ Ղազանչյանի, Վլադիմիր Մսրյանի մեծարման երեկոներ:
Փառատոնը կշարունակվի մինչև հոկտեմբերի 6-ը։
«Թատերական Լոռի» 24-րդ միջազգային թատերական փառատոնը կազմակերպվում է մշակույթի նախարարության աջակցությամբ, «Հրատ» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։