ՀՀ ԱԺ պատվիրակությունը Բելառուսում կմասնակցի միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը և Տաճատ Վարդապետյանը, Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հրավերով այսօր աշխատանքային այցով մեկնել է Մինսկ:
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ պատվիրակությունը կմասնակցի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 11-րդ նիստի աշխատանքներին:
Նախատեսվում են հանդիպումներ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի և Հանրապետության խորհրդի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի հետ: Պատվիրակությունը կայցելի նաև «Բրեստի ամրոց-հերոս» հուշահամալիր, կհանդիպի Բրեստի նահանգապետի հետ: