ՊԵԿ-ն ապօրինի գործող ակումբներ է բացահայտել
Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 17-րդ բաժնի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Կոտայքի մարզում բացահայտվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ մասնավորապես` Հրազդան քաղաքում առանց հարկային մարմիններում հաշվառման գործունեություն է իրականացրել «Ռեդ» գիշերային ակումբը: Իսկ Աբովյան քաղաքում հարկային դաշտից դուրս է գործել «Գեղարդ» դիսկո ակումբը:
ՕՀՎ 17-րդ բաժինը հայտնաբերել է նաև, որ Երևան-Աշտարակ մայրուղում առանց պետական գրանցման գործունեություն է իրականացրել սեպտեմբերի 1-ից գործող «Ամիգո» գիշերային ակումբը:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 3 ակումբներում էլ բացահայտվել են չգրանցված վարձու աշխատողներ:
Պետությանը պատճառված վնասի չափը ճշտվում է: