Ջավադյանը հույս է հայտնել, որ ՎԶԵԲ-ը կշարունակի Հայաստանն ընդգրկել իր տարածաշրջանային ռազմավարական ծրագրերում
«Հայաստանում իր գործունեության առաջին օրից ի վեր Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի մեծ դեր է ունեցել մեր երկրի տնտեսության կայուն զարգացման խթանման գործում` ներդրումներ իրականացվելով տնտեսության իրական հատվածում՝ մասնավորապես այնպիսի ճյուղերում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, էներգետիկան, տրանսպորտը, մունիցիպալ և բնապահպանական ենթակառուցվածքները, հեռահաղորդակցությունը և, իհարկե, ֆինանսական ոլորտը»: Այս մասին նշել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակության հետ հանդիպմանը։
Կենտրոնական բանկի ներկայացուցիչները ներկայացրել են գների և ֆինանսական կայունությանն ուղղված ԿԲ քաղաքականությունը, հիմնական գործիքները, գրանցված ցուցանիշները:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությan փոխանցմամբ՝ նրանք շատ բարձր են գնահատել ֆինանսական հատվածում վերջին տարիներին արձանագրված առաջընթացը և ողջունել են ԿԲ ջանքերը՝ ուղղված ֆինանսական հատվածի զարգացմանն ու ֆինանսական կայունության ապահովմանը:
Մասնավորապես, հյուրերի կողմից բարձր գնահատվել են այս տարի Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումների ներքո ֆինանսական կայունությանն ուղղված ԿԲ գործադրած քայլերի արդյունավետությունը և ԿԲ թիմի մասնագիտական բարձր մակարդակը: Նրանք նշել են նաև, որ Հայաստանի գործարար միջավայրը և ֆինանսական համակարգի զարգացվածության աստիճանը գրավիչ հիմք են ստեղծում կողմերի միջև ներկայիս գործակցության հետագա խորացման համար:
Ջավադյանը հույս է հայտնել, որ Բանկը կշարունակի Հայաստանն ընդգրկել իր տարածաշրջանային ռազմավարական ծրագրերում, և հայտնել է երկկողմ գործակցությունը նույն կառուցողական ոճով շարունակական պահելու Կենտրոնական բանկի պատրաստակամության մասին: