Ալեն Սիմոնյանն իր անձնական կարծիքն է հայտնել. ՔՊ մամուլի խոսնակ
«Ժողովորդն ինչպես կուզի, այդպես էլ կլինի։ Վերջ։ Եթե մեծամասնությունը գտնում է, որ պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ, պետք է անցկացվեն։ Դա չի քննարկվում»,- հրավիրված քննարկմանն ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ավագանու թեկնածու Արման Աբովյանը՝ խոսելով խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին։
Նա նշեց, որ նախօրեին կայացած Երևանի ավագանու ընտրությունները կլասիկ ձևով ավագանու ընտրություններ չէին, որոշակի հանրաքվե էր։
Երևանի ավագանու «Լույս» դաշինքի ավագանու թեկնածու Անի Սամսոնյանն ասաց, որ «Լույս» դաշինքը հստակ պահանջում է և ճիշտ է գտնում, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները շուտափույթ պետք է կազմակերպվեն։
««Լույս» դաշինքը, որը ամուր, պրոֆեսիոնալ դաշինք է, մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին»,- ասաց նա։
Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունից Դավիթ Հակոբյանի խոսքով, նախօրեին կայացած ընտրությունը նման էր հանրաքվի, կամ հեղափոխությունից հետո հեղինակություն վայելող Նիկոլ Փաշինյանին վստահության քվե տալուն։
«Եթե լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, մենք նորից մասնակցելու ենք իբրև քաղաքական ուժ»,- հավելեց նա։
Երևանի ավագանու «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Անդրանիկ Գրիգորյանն ասաց, որ երեկվա ընտրություններով ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին տվեց լեգիտիմություն և, կարծում է, ժամանակն է, որ պարոն Փաշինյանը կատարի կառավարության ծրագրային դրույթը և Հայաստանում օր առաջ տեղի ունենան խորհրդարանական արտահերթ ընտրությունները։
Հարցին, թե Նյու Յորքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ առաջիկայում բանակցություններ կհրավիրի խորհրդարանական և ոչ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ` քննարկելու խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակացույցն ու պայմանները, իսկ երեկ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը գրել էր, որ այս տարի «պատրաստվեք ԱԺ ընտրությունների», արդյո՞ք ձեր թիմում կա որոշակի պատկերացում ժամկետների հետ կապված, ի՞նչ մեթոդներով, ի՞նչ եղանակով են կայանալու այդ ընտրությունները, քննարկմանը ներկա «Իմ քայլը» դաշինքի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանն ասաց. «Պարոն Սիմոնյանն իր անձնական կարծիքն է հայտնել, նման որոշում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կողմից չկա։ Գիտենք, որ Ընտրական օրենսգրքի հայեցակարգը պատրաստ է քննարկման դրվելու Ազգային ժողովի խմբակցությունների հետ, օրերս կավարտվի սահմանադրական փոփոխության նախագիծը։ Կարծում եմ՝ այս երկու փաստաթղթերի շուրջ էլ պետք է տեղի ունենան այն բանակցությունները, որոնք կբերեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները