Ստեղծված վիճակը ավտորիտար ճանապարհ գնալու տեսանկյունից խիստ վտանգավոր է. քաղաքագետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ համայնքային կառույցների, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ առաջիկայում բանակցություններ կհրավիրի խորհրդարանական և ոչ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ` քննարկելու խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակացույցն ու պայմանները:
Նա նաև հայտարարել է, որ թեև տրամադրություններ կային դրանք անցկացնել մինչ հաջորդ տարվա հունիս, սակայն ընտրությունները պետք է անցկացնելավելի վաղ՝ առավել շուտ սկսելու տնտեսության վերականգնման ընթացքը:
Թե որքանով են արտահերթ խորհրդարանական ընտրությունները կազմակերպելու նախադրյալներ առկա հայաստանյան քաղաքական դաշտում, Panorama.am-ի թղթակիցը թեմայի շուրջ զրուցեց քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ։
Panorama.am- Պարոն Շիրինյան, ձեր կարծիքով կա՞ն արդյոք այն հիմքերը, որոնք թույլ կտան կարճաժամկետ հատվածումՀայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպել։
Լևոն Շիրինյան- Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներն ակնհայտ ցույց տվեցին, որ ոչ։ 80 տոկոսից ավելի ձայները նշանակում են, որ մնացած 20 տոկոսի մեջ շարժի հնարավորություն չկա։ Սա վտանգավոր է դեպի ավտորիտար ճանապարհ գնալու և տոտալիտար հիմքերն ամրացնելու իմաստով։ Հիմա, երբ իշխող ուժը քաղաքը «վերցրեց», կարող է մնացած քայլերին էլ գնալ։ Խոսքն, ընդ որում, ոչ թե Քաղաքացիական պայմանագիր կուսակցության, այլ անձամբ վարչապետի մասին է։ Նա կարող է ապահով լինել երկրի զարգացման ցանկացած հնարավորությունից, ժողովրդի գործոնով զուսպ պահել խորհրդարանը։ Բայց լավ կլինի, որ ձեռնամուխ լինի սահմանադրական փոփոխություններին։
Panorama.am- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մշտապես հայտարարել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ երկրում պետք է սահմանադրական փոփոխություններ իրականացվեն։ Եթե նման փոփոխություններ դեռևս չեն նախաձեռնվել, որքանո՞վ իրատեսական է արագ կերպով արտահերթ ընտրություններ անցկացնել։
Լևոն Շիրինյան- Ամեն ինչ շատ պարզ և հասարակ է։ Վարչապետը ժողովրդին կդիմի, արագ հանրաքվե կանցկացնի, և «գրողի ծոցը կուղարկի» Ազգային ժողովը։ Հարցն այն է, թե որն է պետության շահերի տեսնակյունից ձեռնտու։ Ամեն դեպքում, շնորհիվ լեգիտիմության՝ Նիկոլ Փաշինյանի ձեռքերը բացարձակ ազատ են՝ գործել այնպես, ինչպես նա նկատակահարմար կգտնի։
Panorama.am- Իսկ ո՞րն է ըստ Ձեզ արտահերթ ընտրությունենր անցկացնելու ամենաօպտիմալ ժամկետը։
Լևոն Շիրինյան- Երևի 2019 թվականի ապրիլը, որպեսզի քաղաքական կուսակցությունների ձևավորման գործընթաց սկսվի։ Գոյություն ունեցող շատ կուսակցություններ այսօր արդեն որևէ դերակատարություն չունեն։ Նույնիսկ ամենաբոցաշունչ հեղափոխականը, ինչպիսին օրինակ Զարուհի Փոստանջյանն էր, քվե չստացավ։ Սա նշանակում է, որ նախկինը բացարձակապես փլուզվել է, և խորհրդարանում նոր կուսակցություններ պետք է լինեն։ Դրա բոլոր հնարավորությունները կան, խորհրդարանական հանրապետությունը չի կարող գոյություն ունենալ առանց կայացած քաղաքական կուսակցությունների։
Հարակից հրապարակումներ`
- Պատրաստ եմ ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե ու վայրկյան ծառայել Ձեզ. Հայկ Մարության
- Մինչ այս պահը որևէ գրավոր-դիմում, բողոք որևէ տարածքային ընտրական հանձնաժողովից ԿԸՀ-ում առկա չէ. Մուկուչյան
- ԿԸՀ-ն լիարժեք ծավալով ապահովել է ընտրական գործընթացների թափանցիկությունը. Տիգրան Մուկուչյան
- Գագիկ Ծառուկյան. ԲՀԿ-ն ընդունում է ընտրությունների արդյունքները
- Քաղաքական ուժեր, որ չհատեցին 1%-ի շեմը
- Արտակ Զեյնալյանը՝ Հայկ Մարությանի շտաբում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան