The Guardian-ը ներկայացրել է զբոսաշրջիկների ամենատարօրինակ բողոքները
The Guardian բրիտանական թերթը ներկայացրել է հանգստի ժամանակ զբոսաշրջիկների ամենատարօրինակ բողոքները։ «Իզվեստիա»-ն գրում է, որ որպես աղբյուր հրատարակությունն օգտագործել է TripAdvisor կայքում տեղ գտած արձագանքները, ինչպես նաև բրիտանական զբոսաշրջային ասոցիացիայի կողմից արված հարցումը։
Այսպես՝ զբոսաշրջիկներից մեկը Մեծ Բրիտանիայի ամենաբարձր կետը՝ Բեն Նևիսն անվանել է «չափազանց բարձր» և բողոքել, որ նա շատ երկար է բարձրացել և իջել:
Տուրիստներից մեկն էլ, ով «վերջապես հասել է Լուվր՝ 30 տարվա սպասումից հետո», մեկ աստղանի արձագանք է գրել՝ նշելով, որ «որ այնտեղ ընդհանրապես հետաքրքիր չի եղել»։
Մի քանի ճանապարհորդներին չի տպավորել նաև ԱՄՆ-ի Գրանդ-Կանիոնը, որը հարցվածներից մեկը նկարագրել է այսպես՝ «յուրահատուկ ոչինչ չկա»։ Իսկ զբոսաշրջիկներից մեկն էլ Սիդնեյի օպերային թատրոնն անվանել է «հիմար անիծված ձվե քանդակ»։
Ոչ պակաս բացասական էմոցիաներ են առաջացրել լողափերը։ Հանգստացողներից մեկը բողոքել է՝ «ավազը նման չի եղել բրոշյուրի նկարի ավազին»։ Մեկն էլ հայտարարել է, որ Գոայում արձակուրդը փչացել է այն պատճառով, որ իր «ամուսինն ամբողջ ընթացքում նայել է այլ կանանց, ովքեր մերկ արևայրուք են ընդունել»։