Մայր թատրոնում «Սասնա ծռեր» էպոսի բեմադրությունը խիզախ քայլ են համարում
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում առաջին անգամ կբեմադրվի «Սասնա ծռեր» հայ ժողովրդական էպոսը։
«Սա բավական խիզախ քայլ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը կիսվեց Մայր թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ իր և թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի կառավարման քաղաքականության մեջ հիմնական մի ճյուղ է դրված՝ թատրոնը, թատերարվեստը չպետք է գետտոյացվի, այլ բաց պահել, ներգրավվել շնորհքով մարդկանց՝ հատկապես տեղ տալ երիտասարդներին։
«Այս բեմադրության համար երկար փնտրեցինք և գտանք բեմադրիչ Սամսոն Մովսեսյանին, որը մեծ հաջողություններ ունի թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս, և այս կարևորագույն գործը տվեցինք հենց իրեն։ Կարծում եմ՝ հետաքրքիր ներկայացում է ստացվել, նոր լուծումներով, նոր մոտեցումներով, նոր սկզբունքներով։ Լիահույս եմ, որ հանդիսատեսը կսիրի այն»,- ասաց Վարդան Մկրտչյանը։
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանն էլ հավելեց. «Որքան շատ տարբեր ռեժիսորներ բեմադրություն անեն մեր թատրոնում և բերեն իրենց գեղարվեստական մտածողությունը, այդքան ավելի կուժեղանա մեր թատերախումբը, ավելի բազմերանգ կլինի մեր խաղացանկը, դերասանների խաղն ու փորձառությունը»։
Էլբակյանի խոսքով՝ «Սասնա ծռեր» ներկայացումը երիտասարդական է, քանի որ այնտեղ զբաղված են թատրոնի երիտասարդ դերասանները։
«Այս ներկայացումով ցանկանում ենք ևս մեկ անգամ հիշեցնել մեր էպոսի հարստությունը»,- նկատեց բեմադրիչ Սամսոն Մովսեսյանը։
Անդրադառնալով էպոսի բեմադրության լեզվին՝ բեմադրիչն ասաց, որ մաքսիմալ փորձել են չվնասել այն, բայց ամեն դեպքում որոշ բառերի համար փորձել են գտնել հոմանիշներ, որն այսօրվա հանդիսատեսի համար հասկանալի լինի։
Նշենք, որ ներկայացման մեջ խաղում են դերասաններ Խորեն Լևոնյանը (Դավիթ), որն արդեն շուրջ մեկ տարի է Մայր թատրոնի դերասնական կազմում է։ Հովհաննես Գասպարյանը (Մեծ Մհեր), Սոնա Մաթևոսյանը (Արմաղան/Խանդութ), Դավիթ Գասպարյանը (Մեծ Մելիք/Փոքր Մելիք), Արաքսյա Մելիքյանը (Իսմիլ Խաթուն) և այլք։ Կան նաև հրավիրյալ դերասաններ։
«Դավիթի դերի համար Խորեն Լևոնյանին ընտրելն առաջարկեց Արմեն Էլբակյանը։ Նա այն դերասաններից է, որն անընդհատ որոնման մեջ է, աշխատանքը շատ հետաքրքիր էր նրա հետ»,- նշեց բեմադրիչը։
«Սասնա ծռեր» ներկայացումը համարվում է 12+, պրեմիերան կկայանա սեպտեմբերի 27-ին։
Կադրերը՝ ներկայացման գլխավոր փորձից։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան