Սանկտ Պետերբուրգում Աննա Հակոբյանը խոսել է հայ կանանց խնդիրների մասին
«Սա ուղղակի կանանց համաժողով չէ։ Այն գլոբալ օրակարգ ունի։ Այստեղ քննարկված բոլոր հարցերը սկսվում են աշխարհում խաղաղության ապահովումից, վերջանում զինված հակամարտությունների, աղքատության հաղթահարման ու գենդերային հավասարության ապահովման մասին հարցերով»,-«Միր 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ անդրադառնալով Սանկտ Պետերբուրգում անցկացված «Կանայք հանուն գլոբալ անվտանգության և կայուն զարգացման» երկրորդ եվրասիական համաժողովի ընթացքում քննարկված հարցերին։
Հիշեցնենք, որ ելույթ ունենալով համաժողովի բացմանը Աննա Հակոբյանը ներկայացրել իր «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը՝ նշելով, որ մտադիր չէ նախաձեռնությունը սահմանափակել միայն արցախյան խնդրով:
Վարչապետի տիկնոջ խոսքով, այդ բոլոր հարցերն այսօր առաջին պլան են մղվում՝ մտահոգելով միջազգային հանրությանը։
«Այս համաժողովն, իսկապես տալիս է լավ հնարավորություն այդ խնդիրների վերաբերյալ կարծիքների փոխանակման առումով»,-ասել է նա։
Անդրադառնալով Հայաստանում կանանց խնդիրների, դժվարությունների վերաբերյալ հարցին, Հակոբյանն ասել է. «Իրականում այդ բոլոր խնդիրներն առկա են Հայաստանում, ինչպես հետխորհրդային բոլոր երկրներում։ Հայ կանայք էլ ճաշակում են այդ դժվարությունները, կան և բռնության խնդիրներ, և աշխատանքային դժվարություններ։ Բայց, բարեբախտաբար վերջին տարիներին բազմաթիվ հասարակական կազմակերպություններ ակտիվորեն զբաղվում են այդ խնդիրներով։ Եվ այդ առումով երկրի հասարակական կյանքում նկատելի են էական փոփոխություններ»։