Սոնա Տռուզյան. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում տեղի ունեցած պայթյունի փաստով հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 157 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Panorama.am-ին այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։
Քրեական օրենսգրքի 157 հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը` դրանց պահպանման համար պատասխանատու անձի կողմից, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»։
Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով զոհվել է ԲԿ-ի աշխատակիցներից մեկը, ևս մեկը թեթև վնասվածքներ է ստացել։
Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ նախնական տվյալներով` կայանում պայթած թթվածնի բալոնը հիվանդանոցին չի պատկանում:
Հարակից հրապարակումներ`
- «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ևս մեկ մարդ տուժել է
- Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել