Կար պետական նշանակության օրակարգի ներխուժում քաղաքային նախընտրական իրավիճակի մեջ. Ր. Հովհաննիսյան
«Առաջին իսկ օրվանից ասել եմ, որ ես որպես ընտրող պետք է մասնակցեմ այն ընտրություններին, որոնք տան լեգիտիմ տեղական իշխանություն։ Դա ինքնին մեծ հաղթանակ է։ Այդ նվաճումը, հաղթանակը պատկանում է բոլորիս։ Սա քվեր էր հանուն նոր Երևանի, նոր Հայաստանի, և ոչ մեկի դեմ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ամփոփելով սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները։
Նա նշեց, որ «Ժառանգությունը» մասնակցում էր ոչ թե որևէ մեկին հաղթելու կամ պարտվելու համար, այլ իրենց այլընտրանքը, առաջարկը, ծրագիրը թողնելու համար։
«Մենք պատրանքներ չունեինք։ Պարզ է, որ հետհեղափոխական այս վիճակում ոչ բոլոր մեր ընտրողներն են գնացել ընտրատեղամաս»,- ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ կար պետական նշանակության օրակարգի ներխուժում քաղաքային նախընտրական իրավիճակի մեջ, ինչն ազդում է մեկը մյուսի վրա։
Ր. Հովհաննիսյանն ասաց, որ «Ժառանգությունն» իր վարչությամբ կկողմնորոշվի, թե որն է լինելու հաջորդ քայլը։
«Ես կարող եմ ակնկալել, որ այսպես թե այնպես, մենք կմասնակցենք առաջիկա ընտրություններին։ Մենք կարող ենք հույս տածել, որ սրա շարունակությունը մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություններ կլինի առավել համաժողովրդական, քան ներկուսակցական, թող ամեն մեկն իր դասերն անի, սրբագրումներ անի պահվածքի, բովանդակության առումով»,- նշեց նա։