Ընդհանուր գործադուլ Արգենտինայում
Արգենտինայում սկսվել է 24-ժամյա ընդհանուր գործադուլ, որը կազմակերպված է «Աշխատանքի ընդհանուր համադաշնություն» խոշորագույն արհեստակցական միության կողմից։ Եվրանյուզը գրում է, որ գործադուլն անցկացվում է ընդդեմ իշխանությունների տնտեսական քաղաքականության։ Ակնկալվում է, որ գործադուլի միջոցով Բուենոս Այրեսում և երկրի այլ խոշոր քաղաքներում հասարակական կյանքը կաթվածահար կարվի։
Ակցիայի անցկացման առիթ է դարձել մասնավորապես նախագահի որոշումը՝ օգնության համար դիմել Արժույթի միջազգային հիմնադրամին, որը հանգեցրել է բյուջեի ծախսերի կրճատմանը, զանգվածային կրճատումների և ձեռնարկությունների փակմանը:
Հունիսին ԱՄՀ-ը համաձայնվել էր Արգենտինային 50 միլիարդ դոլարի վարկ տրամադրել։
Սա Արգենտինայի նախագահի վարած տնտեսական քաղաքականության դեմ առաջին բողոքի ակցիան չէ։ Հունիսին նույնպես տնտեսական խնդիրների պատճառով՝ գնաճ, կոմունալ վճարումների բարձրացում, աշխատավարձի կրճատում, մարդիկ ակցիա էին անցկացրել։ Գործադուլի պատճառով հասցվել էր ավելի քան 1 միլիարդ դոլարի վնաս։